Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոթքի ուղղությամբ Ադրբեջանը նպատակ ունի եւ դիրքային բարելավման հասնել, եւ տիրանալ հանքավայրին ամբողջությամբ»․ Սեյրան Օհանյան

Մայիս 11,2023 17:42

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական այսօրվա հարձակմանը։

«Գալիս ենք այն եզրակացության, որ հայկական բանակը պատասխանել է այն սադրանքին, որն իրականացրել է Ադրբեջանը։ Երեւի թե Ադրբեջանը նպատակ է ունեցել հերթական անգամ այս կամ այն հատվածում, այս պարագայում Սոթքի հատվածում, իր դիրքերի դասավորվածության մեջ բարելավում իրականացնել։ Բայց դա մարտավարական առումով է, ռազմավարական նպատակը Հայաստանի Հանրապետության վրա ազդելն է, շարունակական ճնշումները հաջորդական դարձնելը, որպեսզի բանակցային գործընթացում կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրենք մշտապես հանդես գան առավելապաշտության եւ նաեւ հաղթողի դիրքից։ Այսինքն՝ իրենց նպատակը ՀՀ վրա ճնշումներն են եւ նաեւ Արցախի շուրջն այդ օղակը սեղմելը։ Եվ եթե սա ընթանում է բանակցային գործընթացի շրջանակներում եւ բանակցային գործընթացին զուգահեռ, եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքականությունը մեր հանդեպ չի փոխվել։ Յուրաքանչյուր բանակցային փուլին զուգահեռ, դրանից առաջ, դրանից հետո իրենք սադրանքներ են կազմակերպում, ուժային ճնշումներ, որպեսզի բանակցությունների ընթացքում մենք գնանք զիջումների։ Եվ, փառք Աստծո, երբ բանակը ցույց է տալիս ուժ, բանակցային գործընթացում իրենք հաջողություններ չեն կարող ունենալ»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ գլոբալ առումով, ելնելով ստեղծված իրավիճակից, Ադրբեջանը շարունակելու է ճնշումները։ Եվ շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի պարտադրի Հայաստանին մտնել կեղծ խաղաղության օրակարգի մեջ։ «Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է սթափ գնահատեն իրավիճակը։ Իրենք պետք է ռազմաքաղաքական կիրավիճակի գնահատման առումով իրենց կարողություններն ավելացնեն, իրենց մասնագիտական ունակությունները բարձրացնեն՝ եւ քաղաքական, եւ ռազմական գնահատականի մեջ։ Ճիշտ գնահատականը հնարավորություն է տալիս ճիշտ որոշումներ ընդունել» ,- հավելեց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի յուրաքանչյուր հատված այսօր վտանգավոր է Ադրբեջանի կողմից սադրանքներ իրականացնելու առումով։ Քիչ վտանգավոր է այսօր Նախիջեւանի հատվածը, բայց Սյունիքի ու Գեղարքունիքի ամբողջ հատվածը վտանգավոր է, որովհետեւ այդ ուղղությամբ են իրենք փորձում ճնշումներ գործադրել, իրենց խոսքով, միջանցք ստանալ՝ «մեծ թուրանի» գաղափարն իրականացնելու համար։ «Այս սադրանքը, որքան ես գիտեմ, իրենք իրականացրել են Սոթքի հանքավայրի ուղղությամբ՝ իհարկե, եւ դիրքային բարելավման նպատակով, եւ նաեւ հանքավայրին ամբողջությամբ տիրանալու։ Սրա դեմ ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի առաջընթացով գործեն։ Այսօր մեր բանակը կարողացել է իր առջեւ դրված խնդիրն իրականացնել եւ թույլ չտալ, որ առաջ գան։ Բայց որոշումների ընդունման մեջ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են։ Մենք օրեր առաջ տեսնում ու լսում էինք, որ Ադրբեջանը զորքեր էր կուտակում, դա նշանակում է, որ յուրաքանչյուր հատված պետք է բերվեր մարտական պատրաստակամության, եւ ավելի բարելավված մենք պետք է ընդունեինք մարտական գործողությունները»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031