Ապրիլի 5-ից Ռուսաստանում արգելվեց հայկական արտադրության կաթնամթերքի ներմուծումը։ Պատճառը, ըստ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), «կողմերի բանակցությունների ու ստուգումների անբավարար արդյունքներն են»։
Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար և ի՞նչ ազդեցություն կունենա տեղական արտադրողի վրա արտահանման արգելքը դեպի Ռուսաստան։
Գաղտնիք չէ, որ Հայաստանից արտահանվող կաթնամթերքի հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, և այդ ուղղությամբ արտահանման արգելքը լրջագույն խնդիրներ կստեղծի տեղական արտադրողի համար։ Հետևապես, փորձենք հասկանալ, թե ինչ ծավալների մասին է խոսքը։
Ծավալները
Կարդացեք նաև
Ուկրաինա ներխուժելուց հետո ՌԴ-ի դեմ կիրառվեցին տնտեսական պատժամիջոցներ, և Հայաստանը, ակամայից, դարձավ վերաարտահանող երկիր։ Դա են վկայում վիճակագրական տվյալները։
2022-ին դեպի ՌԴ արտահանված ապրանքների ծավալը 2021 թվականի համեմատ աճել է մոտ 3 անգամ, մինչդեռ Հայաստանում արդյունաբերությունն աճել է ընդամենը 7․9 տոկոսով։
Ինչ վերաբերում է արտահանված կաթնամթերքին, ապա 2020 թվականին արտահանված 12․4 մլն դոլար ընդհանուր արժողությամբ կաթնամթերքից 11․2 միլիոնն ուղարկվել է ՌԴ, 2021-ին՝ 16․8 մլն դոլարից 15․3-ն է ուղարկվել Ռուսաստան։ Ակնհայտ է, որ հայկական կաթնամթերքի հիմնական սպառողը (Հայաստանը չհաշված) հենց ռուսական շուկան է։
Իսկ արդեն 2022 թվականին Հայաստանից արտահանվել է 32․1 մլն դոլարի կաթնամթերք, որից 30․1 մլն դոլարի արտադրանքն ուղարկվել է հենց Ռուսաստան։
Որպեսզի ավելի պարզ լինի, 2021-ի համեմատ 2022-ին կաթնամթերքի արտահանման կրկնակի աճի ֆոնին Հայաստանում կաթնամթերքի արտադրությունն աճել է մոտ 16 տոկոսով, որից հիմնական արտահանվող ապրանքի՝ պանրի արտադրությունն ավելացել է ընդամենը 3,1 տոկոսով։ Այսինքն ակնհայտ է, որ նախորդ տարի արտահանված կաթնամթերքի մի զգալի մասը վերաարտահանված կաթնամթերքն է։
Իրանական ծագում
Հայաստանից արտահանվող կաթնամթերքի հիմնական տեսակներն են պանիրը, կարագն ու կաթնային յուղերը։
2022 թվականին կաթնամթերքի արտահանման ծավալները գրեթե կրկնակի աճել են՝ 32․1 մլն դոլար։ Այստեղ մեծ բաժին ունի վերաարտահանվող կաթնամթերքը, որի մեծ մասն ունի իրանական ծագում։ Սակայն կրկին արտահանման աշխարհագրության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Ռուսաստան է արտահանվել ընդհանուր 30․1 մլն դոլար ընդհանուր արժեքով կաթնամթերք։
Այս տարի ևս բավական ակտիվ է սկսվել։ Միայն հունվար ամսին, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանից արտահանվել է ավելի քան 17․4 մլն դոլարի կաթնամթերք։ Բնականաբար՝ դրա մեծ մասն ուղարկվել է հենց ՌԴ։
Մարտի վերջին ռուսական կողմը հայտարարեց, որ կաթնամթերքի մեջ հայտնաբերվել են իրանական ծագման բաղադրիչներ, որոնց նկատմամբ «Ռոսսելխոզնադզորն» ունի սահմանափակումներ։
Հայաստանից, ի պատասխան այս հայտարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրեց, որ կաթնամթերքի արտադրության ողջ շղթան տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում է, և դրանցում մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտարարեց, որ հայկական արտադրողներն օգտագործում են իրանական հումք, և կան իրանական կազմակերպություններ, որ գտնվում են եվրասիական ռեեստրի մեջ, և թույլատրված է իրենցից կաթնային սերուցք ներմուծել և օգտագործել դեպի Ռուսաստանի արտահանվող ապրանքի մեջ։
Այսպիսով, հաշվի առնելով վերը թվարկված հանգամանքները, պաշտոնյաների ու պետական մարմինների հայտարարությունները՝ կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի կողմից կաթնամթերքի ներմուծման արգելքը ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, և դա հիմնավորվում է մի քանի պատճառներով։
Նախ, ինչպես տեսնում ենք, հայկական կաթնամթերք արտադրողները մեծապես կախված են ռուսական շուկայից, հետևաբար՝ ներմուծման արգելքը լրջագույն խնդիրների առաջ է կանգնեցնելու տեղական արտադրողին։ Դա բերելու է արտադրանքի ծավալների նվազեցման, աշխատատեղերի կրճատման՝ դրանից բխող սոցիալական խնդիրներով։
Մյուս կողմից՝ «Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ է իրականացրել ընդամենը 2 արտադրողների արտադրանքի նկատմամբ, սակայն հայտնաբերված խնդիրների արդյունքում որոշում է կայացրել արգելել բոլոր արտադրողների արտադրանքի մուտքը Ռուսաստան։ Սա ևս ապացուցում է, որ նման որոշումն ունի ավելի շատ քաղաքական ենթատեքստ։
Կլուծվի՞
Ի դեպ, վերջերս Մոսկվայում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում որոշում կայացվեց խնդիրը կարգավորել փուլ առ փուլ։
Ըստ այդմ՝ Հայաստանում կաթնամթերք արտադրող ու արտահանող այն կազմակերպությունները, որոնք աշխատում են միայն տեղական և Ռուսաստանում թույլատրված հումքով և Տեսչական մարմնի կողմից ստուգումների արդյունքում կբավարարեն սահմանված պահանջներին, կներկայացվեն «Ռոսսելխոզնադզորի» դիտարկմանը։
Սա, իրագործվելու դեպքում, հնարավորություն կտա որոշակի ժամանակահատվածում վերականգնել դեպի ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման ծավալները։ Այդուհանդերձ, հաշվի առնելով առերևույթ քաղաքական պատճառները, դժվար է միրաժեք կանխատեսել, որ խնդիրը կլուծվի:
Արգելքի «իրավական հիմքերը»
Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 28-րդ հոդվածի դրույթների՝ ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ (պայմանով, որ այդ միջոցներն անհիմն խտրականության միջոց կամ առևտրի քողարկված սահմանափակում չլինեն), եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են․
1.մարդու կյանքի և առողջության պահպանման,
2.հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության,
3.շրջակա միջավայրի պահպանության,
4.կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության,
5.միջազգային պարտավորությունների կատարման,
6.երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման համար։
Վերը նշված հոդվածի առաջին կետում նշված հիմքով՝ ներքին շուկայում կարող են իրականացվել նաև սանիտարական, անասնաբուժական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ, ինչպես նաև առանձին կատեգորիայի ապրանքների շրջանառությունը կարող է սահմանափակվել։
Ըստ այդմ՝ «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայկական արտադրության կաթնամթերքի ներմուծման արգելքը «համապատասխանեցվել է» հենց այս կետի կարգավորումներին։
Սևադա ՂԱԶԱՐՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»