Քոուչինգի միջազգային ֆեդերացիան մայիսի 8-14-ը հայտարարել է Քոուչինգի միջազգային շաբաթ։ Ամբողջ աշխարհում քոուչերը մեկ շաբաթ շարունակ անցկացնում են թրեյնինգներ, դասախոսություններ ու անվճար սեսիաներ։
Քոուչինգի միջազգային շաբաթի շրջանակում մայիսի 10-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում՝ վարպետության որակավորում ունեցող քոուչ (Master Certificate Coach), թիմային ու բիզնես քոուչ, բիզնես մենթոր, հակաճգնաժամային կառավարման մասնագետ Նառա Կարսենցի հետ։ «Ղեկավարից՝ առաջնորդ քոուչինգի միջոցով» թեմայով քննարկման նպատակն էր ներկայացնել քոուչինգի դրական ազդեցությունը շահառուի ինքնակատարելագործման, վստահության բարձրացման, անձնային աճի, ինքնաճանաչման ճանապարհին առաջնորդի որակների բացահայտման և թիմային աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ։
Խոսելով հաճախորդների հետ քոուչ-սեսիաների անցկացման արդյունավետության մասին՝ Նառա Կարսենցը նշեց, որ քոուչինգը հնարավորություն է տալիս բարելավել մասնագիտական որակները, օգնում վերհանել ու հաղթահարել անձնական տիրույթում առկա խնդիրները։ «Դու դառնում ես քո կյանքի ճարտարապետը։ Քոուչինգի հիմնական նպատակն է օգնել հաճախորդին հասկանալ ինքն իրեն, իր պահանջները, մոտիվացիան, նպատակներն ու խոչընդոտները, որոնք կարող են խանգարել հասնել ցանկալի արդյունքին: Այս դեպքում քոուչն օգտագործում է տեխնիկա, որն օգնում է հաճախորդին ինքնուրույն գտնել իր պատասխաններն ու լավագույն լուծումները, հասնել առաջադրված նպատակներին և հաղթահարել հաջողության ճանապարհին առկա խոչընդոտները։ Քոուչը երբեք խորհուրդ չի տալիս, նա անկողմնակալ է և չի արտահայտում սեփական կարծիքը։ Նա օգտագործում է հարցեր, որոնք օգնում են հաճախորդին ինքնուրույն արդյունավետ որոշումներ կայացնել», – նշեց նա։
Նառա Կարսենցի խոսքով՝ կառավարչից դեպի ուժեղ առաջնորդ տրանսֆորմացիայի ճանապարհին առկա մի շարք խնդիրներ հաղթահարելի են քոուչինգի միջոցով։ «Քոուչինգում մարդը բարձրագույն արժեք է, ում տրվում է խնդիրը լուծել նոր հնարավորությունների ստեղծմանը զուգահեռ։ Այստեղ կարևորվում է էմպատիան ու ապրումակցումը դիմացինի նկատմամբ», – նշեց նա։ Ըստ բանախոսի՝ համաշխարհային ճանաչում ունեցող «Ֆորբս» և «Հարվարդ Բիզնես Ռեվյու» պարբերականներն իրենց էջերում բազմիցս անդրադարձել են քոուչինգի դրական ազդեցությանը, իսկ «Գուգլ», «Մայքրոսոֆթ», «Սիմենս» և այլ միջազգային ընկերություններ պարբերաբար կիսվում են քոուչինգի կիրառման արդյունքում իրենց աշխատակիցների որակավորման ու ընկերությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին պատմություններով։
Կարդացեք նաև
Նառա Կարսենցը նշեց, որ Հայաստանում քոուչինգային մշակույթը նոր է զարգանում, սակայն նախորդ տարի Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) հայաստանյան մասնաճյուղի հիմնադրումը արդյունավետորեն ավելացնում է մեր երկրում քոուչերի քանակը։ Վերջինս ընդգծեց, որ միայն վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր որակավորում ունեցող քոուչերի քանակն աճել է առնվազն 2-3 անգամ։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան