Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանը Գեւորգ Հարությունյանին ցուցմունք է թելադրել. ամբաստանյալի սկանդալային հայտարարությունը՝ «դիզվառելիքի» գործով

Մայիս 11,2023 17:18

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, Վահե Միսակյանի նախագահությամբ շարունակվեց «դիզվառելիքի գործով» դատական նիստը: Դատարանը հարցաքննում է ամբաստանյալներին:

Նախորդ դատական նիստում, հիշեցնենք, դատարանը հրապարակեց գյուղատնտեսության նախկին նախարար, հանգուցյալ Սերգո Կարապետյանի նախաքննական ցուցմունքը:

Այսօր հարցաքննվեց Գեւորգ Հարությունյանը: Նա խնդրո առարկա ժամանակաշրջանում գյուղնախարարությունում բուսաբուծության վարչության պետի պաշտոնն է զբաղեցրել: Ամբաստանյալը խոսեց այն մասին, որ հարցաքննությունների ժամանակ անընդհատ խոսվում էր, որ մրցույթ չի իրականացվել, բայց պետության կողմից նշյալ գումարը տրամադրվել է, որպես սուբսիդիա, որն այլ կարգ է ենթադրում, այդ թվում՝ այդ կարգում չկա կետ, որ պետք է ընտրվի առավել նվազ գին առաջարկողը: Ուստի մրցույթ չի հայտարարվել, այլ հարցումներ են կատարվել ներկրող կազմակերպություններին, թե ո՞վ եւ ի՞նչ պայմաններով կկարողանա ապահովել ներկրումները, քանի որ ծրագրի հիմքում դրված է եղել սկզբունքը՝ տվյալ կազմակերպությունն ի վիճակի՞ է այն իրականացնել: «Իսկ մատակարարի ընտրությունը պետք է իրականացներ Սերգո Կարապետյանը, քանի որ համակարգող ոլորտի նախարարն էր եւ միայն ինքն ուներ նման լիազորություն»,- հայտարարեց ամբաստանյալը՝ հավելելով, որ որոշ մատակարարների ինքը զանգահարել եւ հրավիրել է նախարարի կամ փոխնախարարի մոտ զրույցի, ինչից որոշ ժամանակ անց, իր հիշելով, փոխնախարար Սամվել Գալստյանն իրեն տեղեկացրել է, որ մատակարարն ընտրվել է, այն «Ֆլեշ» ընկերությունն է:

Գեւորգ Հարությունյանն ասաց, որ երբ արդեն քրեական գործ էր հարուցվել եւ Սերգո Կարապետյանը հարցաքննվել էր, նա զանգահարել է իրեն ու ասել. «Երկար չեմ կարող խոսել, ես նմանատիպ ցուցմունք եմ տվել, որ նախագահն է ասել, որ պայմանավորվածություն կա, որ պետք է գործն ուղղակի կարճվի եւ գումար վերադարձվի, դրա համար պետք է, քանի որ ես ասել եմ, որ դա քեզ ասել եմ, դու էլ ասա, որ քեզ ես դա ասել եմ, որ ես սուտ դուրս չգամ ու գործը չերկարի: Ես էլ այդ ընթացքում անընդհատ տեսնում էի, որ ինչ-որ մեկի դեմ գործ էին հարուցում, հետո ասում էին՝ գումար պիտի վերականգնվի, գործը փակում էին, մտածեցի, որ այս գործն էլ են այդպես անում, ես էլ հոգնել էի քննչական գնալ-գալուց: Իսկ ուրիշ մարդ, ցուցմունքի հետ կապված, որ էսպես պետք է անես, էնպես պետք է անես՝ չի եղել»:

Ամբաստանյալը նաեւ հայտարարեց, որ իր հաջորդ հարցաքննության ժամանակ արդեն հրաժարվել է այդ ցուցմունքից: Դատախազը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հենց առաջին դատական նիստի ժամանակ ամբաստանյալը դա չի հայտարարել, այլ, ինչպես ինքն ասաց, անհամբեր սպասել է իր հարցաքննությանը, որ դա ասի: Ամբաստանյալը պատասխանեց՝ մտածել է, որ ըստ հերթականության է ճիշտ ամեն ինչ անել, հետո էլ, երբ Սերգո Կարապետյանը մահացավ, արդեն իմաստ չի տեսել ավելի շուտ այդ հայտարարությունն անելու:

Դատախազը հետաքրքրվեց, երբ իր հարցաքննությունից հետո որոշ մարդկանց, այդ թվում՝ իրեն, մեղադրյալի կարգավիճակ է տրվել, ինքը չի՞ հասկացել, որ գործը գնում է ոչ թե կարճման, այլ կոնկրետ անձանց, այդ թվում՝ իրեն, քրեական պատասխանատվության ենթարկելուն, ինչո՞ւ է այդ ժամանակ էլ լռել՝ չասելով Սերգո Կարապետյանի զանգի մասին: Ամբաստանյալը պատասխանեց՝ իր երկրորդ հարցաքննությամբ հերքել է առաջին տված ցուցմունքը, իսկ թե Սերգո Կարապետյանի զանգի մասին ինչի՞ է լռել՝ պատասխանեց. «Անհարմար զգացի, որ նման միամտություն եմ արել եւ հավատացել եմ իրեն»: Սերգո Կարապետյանի զանգի մասին ամբաստանյալը իր պաշտպանին էլ է շատ ուշ ասել:

Ինչո՞ւ զանգի մասին վարույթի ընթացքում ամբաստանյալը հայտարարում է միայն Սերգո Կարապետյանի մահից հետո, ինչո՞ւ նախաքննական փուլում առերես հարցաքննություն չի պահանջել Սերգո Կարապետյանի հետ՝ դատախազի հարցերին, ամբաստանյալը պատասխանեց, որ լավ չի պատկերացրել դատավարական ընթացակարգերը, պաշտպանների հետ էլ շատ հարցեր չի քննարկել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Թե ծրագրի շրջանակներում ինչո՞ւ է իբրեւ մատակարար ընտրվել «Ֆլեշ» ընկերությունը՝ վկան պատասխանեց, որ դա միանգամայն տրամաբանական էր իր համար, քանի որ ընկերության կարողություններն են այդ մասին վկայում, իսկ թե ընկերության ներկայացուցիչների ու նախարարի հետ հանդիպման ժամանակ ի՞նչ խոսակցություն է տեղի ունեցել, ինքը տեղյակ չէ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դատախազի կարծիքով, ամբաստանյալի նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքների մեջ հակասություններ կան եւ ամբաստանյալն իր գործողությունների հետ կապված տեղեկություններ հայտնեց, ուստի, նա միջնորդեց՝ հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները:

Հիշեցնենք, այս գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031