Արցախի Հանրապետության արտգործնախարարն առցանց հանդիպում է ունեցել Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն Ավստրալիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի նախաձեռնությամբ առցանց հանդիպում է ունեցել Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նախարարը ներկայացրել է շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, անդրադարձել առաջացած հումանիտար և գոյաբանական խնդիրներին։
Խոսելով Հայրենիք-Սփյուռք կապի մասին՝ Սերգեյ Ղազարյանը երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի հայ համայնքին շրջափակումից ի վեր Արցախին ցուցաբերած նյութական օժանդակության համար։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի վարած հանցավոր քաղաքականության մասին արտերկրում իրազեկվածության բարձրացման աշխատանքների նշանակությունը։
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին նախանշվել են փոխգործակցության հետագա ուղղությունները։
Արցախի Հանրապետության ԱԳՆ
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն