ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ԿԳՄՍ-ի հետ համագործակցությամբ, «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել: Ըստ այդմ՝ նախատեսվում է չեղարկել մշակույթի և արվեստի ոլորտում պատվավոր կոչումները: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: «Ժողովրդականություն» հասկացությունը չափելի եւ որևէ կոնկրետ չափանիշով գնահատելի չէ, որը հնարավորություն կտա առանձնացնել առավել ժողովրդականներին կամ ամենաժողովրդականներին:
Մայիսի 11-ի Մեդիա կենտրոնում թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական Էլինա Գեղամյանը պարզաբանեց, թե ինչու է նման նախագծի անհրաժեշտություն առաջացել;
«Մենք ներկայումս օրենքում ունենք մի շարք պատվավոր կոչումներ: Նախագծով առաջարկվում է չեղարկել դրանք: Կոնկրետ վաստակավոր նկարչի, վաստակավոր արտիստի, ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի մասով էլ ի սկզբանե օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԿԳՄՍ նախարարությունը դեռեւս 2022թ: Նախագծի քննարկումների ընթացքում որոշվել է չեղարկել ՀՀ օրենսդրությամբ որոշված բոլոր պատվավոր կոչումները: Ի սկզբանե ԿԳՄՍ նախարարության նախագծի հիմքում դրված հիմնավորումները որոշ առանձնահատկություններով վերաբերելի են բոլոր պատվավոր կոչումներին:
Կարդացեք նաև
Երբ ուսումնասիրում ենք օրենքի առկա կարգավորումները եւ դրանց հիման վրա ձեւավորված պրակտիկան, պարզ է դառնում, որ պատվավոր կոչումների շնորհման հիմքում դրված են այնպիսի չափանիշներ, որոնք օբյեկտիվորեն չափելի եւ գնահատելի չեն»,-ասաց ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը:
«Ժամանակ է պետք, որպեսզի փորձության դնենք այս գործիքակազմը եւ հետեւություններ անենք: Ցանկացած օրենք իր նախագծի ձեւով անցնում է փորձաքննության պրիզմայի միջով՝ հնարավորություն տալով պարբերաբար անդրադառնալ եւ վերամշակել, կյանքի հետ ստույգ հողի վրա կապել պարգևների, գնահատականների արժեւորումը»,-ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի վարչության անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը:
Նրա ձեւակերպմամբ. «Հեշտ չէ չափելը, սա մաթեմատիկա չէ, արվեստ է, կյանքի ու վաստակի հետ կապ ունի: Իհարկե, ոմանք, օրինակ՝ շատ ոգեւորվում են, եւ շատ ավելի լավ են սկսում աշխատել, երբ բարձր մարմինների կողմից ստանում են իրենց տասնամյա տարիների փորձի գնահատականը, բայց նաեւ հակառակն էլ կա»:
Տիգրան Բարսեղյանը մի օրինակ բերեց. «Իմ շատ սիրելի ուսուցիչներից մեկը՝ Սլավա Պարոնյանը, երբ իր 85-ամյակի առիթով արժանացավ ժողովրդական նկարչի վաստակած կոչմանը, մեծի բառապաշարով ասաց՝ բալամ, չեմ կարողանում հասկանալ սրանից հետո ես ավելի լա՞վ եմ նկարելու: Ինչպես նկարում էի, այդպես էլ պետք շարունակեմ նկարել… »:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի ֆեյսբուքի էջից