Լրահոս
Օրվա լրահոսը

«Համարյա ամեն օր կրակում են, հիմնական բարձունքների վրա թուրքերն են, բայց Սոթքում խուճապի չենք ենթարկվում»․ Կոլիկ Շահսուվարյան

Մայիս 11,2023 15:55

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուղղությամբ կրակոցներ գրեթե ամեն օր կան, իսկ այսօր ինտենսիվ են եղել։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Սոթքի նախկին գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը։ Նրա խոսքով՝ համայնքում բնակիչների մոտ խուճապ չկա։ «Մեր դիրքերում կրակոցներ մենք համարյա ամեն օր լսում ենք, նրանք են սադրում հիմնականում, մերոնք էլ պատասխանում են։ Ուղղակի այսօր շատ ինտենսիվ էր, այնքան ինտենսիվ էր, որ 4 վիրավոր ունենք։ Սոթքը վերջին գյուղն է, եւ ամենամոտը մենք ենք ադրբեջանական դիրքերին։ Կրակոցների մեծ մասը Սոթքի հանքավայրի պատճառով են այդ տարածքում։ Մերոնք աշխատում են, նրանք էլ խանգարում են, խոչընդոտում են հանքավայրի աշխատանքը, կրակում են ուղիղ աշխատողների վրա։ Վերջին շրջանում հանքավայրը չի աշխատում, բանակցություններ եղան, մարզպետը եկավ միջամտեց, մեր զինվորականները եկան՝ իրենց հետ խոսելու, որ հանքն աշխատեցնեն, բայց էլի չստացվեց, թուրքն այդպիսին է։ Հիմա իրենց հիմնական նպատակը դա է, որ հանքը չաշխատի»,- ասաց Շահսուվարյանը։

Նախկին գյուղապետի խոսքով՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը հրետանային ու ականանետային միջոցներից կրակ են բացել հիմնականում ոսկու հանքի տարածքների ուղղությամբ։ «Այդտեղ սահման ունենք, սարի գագաթը մեր սահմանն է, այն կողմը թուրքերն են, այս կողմը՝ հայերը։ Համարյա ամեն օր այդտեղ կրակոցներ լինում են, թուրքերը չեն թողնում, որ մերոնց տրամադրությունը փչանա, ամեն օր կրակում են։ Մեր ժողովուրդն էլ խուճապի չի ենթարկվում, փախնող չէ, իրենց տեղը նստած են։ Մի քանի ամիս առաջ, երբ լուրջ հրետակոծություն եղավ, մի քանի ընտանիք դուրս եկան, բայց արդեն գարնանային աշխատանքներ են սկսվել, համայնքում ամեն մեկն իր աշխատանքով է զբաղվում։ Ինչպես ասում են՝ սաղս էլ աչալուրջ ենք։ Աստված չանի, եթե հանկարծ թուրքն էդ սարից իջավ, մեր գյուղն է, թե կողքի գյուղերն են, դրա դեմն առնելն ավելի դժվար կլինի։ Աջից-ձախից բարձունքներ են, հիմնական բարձունքների վրա իրենք են, իրենց դիրքն ավելի լավ է, վտանգը միշտ կա»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ լուծումներ են տեսնում ստեղծված իրավիճակում, Շահսուվարյանն ասաց․ «Կոնկրետ մենք մեր անելիքն անում ենք, մեր տեղում մնում ենք, խուճապի մեջ չենք, ուղղակի ամբողջ օրն ուշադիր ենք, որ հանկարծ մի բան լինի, դիմադրենք։ Մարդիկ գյուղը չեն լքում, բայց եթե այսպես շարունակվի՝ կամաց-կամաց կդատարկվի։ Ամիսը մի հոգի, տարեկան հինգ հոգի կամաց-կամաց կգնան, շատ վատ է այդ պահով»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031