Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ գույքեր այն ժամանակ այլ արժեք են ունեցել, իսկ դատախազությունը շատ ավելի բարձր արժեքներով է հաշվում. Տավուշի նախկին մարզպետի պաշտպան

Մայիս 11,2023 15:27

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստն այսօր հետաձգվեց կողմերի՝ հաշտության գալու նախնական պայմանավորվածության պատճառով:

Նախկին մարզպետի պաշտպան Գորիկ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ինֆորմացիոն որոշակի դաշտի պակաս կա, բավականին հին գործարքներ են՝ մինչեւ 2000-ականները: Հետեւաբար, մենք էլ պետք է օգնենք դատարանին, որ ճիշտ ուղղություն վերցնի այդ գործարքների վերաբերյալ: Այսինքն՝ այն ապացույցները, որ մեզ հայտնի են, կփորձենք ներկայացնել, ընդհանուր քննարկման արդյունքում արդեն պարզ կլինի պատկերը: Ակտիվ քննարկման մեջ ենք որոշակի գույքերի արժեքների մասով: Չէ՞ որ շատ գույքեր այն ժամանակ այլ արժեք են ունեցել, իսկ փորձաքննություններ կան, որոնցով շատ ավելի բարձր արժեքներով է դատախազությունն այսօր հաշվում» :

Հիշեցնենք, որ  գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Հովիկ Աբովյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից՝ հօգուտ ՀՀ–ի պահանջում է բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում: Դատախազության կարծիքով, այդ գույքը չի հիմնավորվում նրա եկամուտներով։

Հովիկ Աբովյանի դրամական միջոցները 2018-ին, պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ, կազմել են 8 մլն 600 հազար դրամ և 14 հազար 500 դոլար։ Որպես եկամուտ նախկին մարզպետը հայտարարագրել է աշխատավարձը՝ 3 մլն 932 հազար 369 դրամ, և ստացած փոխառությունը՝ 2 մլն 145 հազար դոլար։

Աբովյանի կինը՝ Աննա Ազատյանը 2014-ին որպես դրամական միջոց հայտարարագրել է 135 մլն դրամ և 400 հազար եվրո։ Ազատյանն իր 2017 թ. տարեկան հայտարարագրում որպես դրամական միջոց հայտարարագրել է 90 միլին դրամ, որը տարեվերջին նվազել է՝ կազմելով 26 մլն 600 հազար դրամ և 372 հազար 500 եվրո, որը հարկային տարվա վերջին կազմել է 296 հազար 500 եվրո։

Գորիկ Միրզոյանի լուսանկարը՝ փաստաբանների պալատի կայքից

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ պաշտպանական կողմը դատախազության ներկայացրած գույքերի քանակից որքա՞նն է համարում ապօրինի ծագում ունեցող եւ պատրաստվո՞ւմ է վերադարձնել պետությանը, ի պատասխան նա ասաց. «Վերադարձի մասին խոսք այս պահին չի քննարկվում… այս օրենքը մի քիչ ուրիշ է. ամեն ինչ շղթայական ռեակցիայի մեջ է, եթե մի բան հիմնավորվում է, էդպես աճում է, կամ ինչ-որ բան չի հիմնավորվում, հետեւաբար դատախազության մոտ արդեն համոզմունք է, որ ապօրինի է: Եկեք այս մասով շատ չխոսենք: Բացի այդ՝ պատկերացնո՞ւմ եք՝ գործով ինչքան գույք կա, ես հիմա չեմ հիշում: Այս պահին այս կամ այն գույքի ապօրինի ծագման հանգամանքը մեզ համար երկրորդական է, որովհետեւ պետք է հիմնավորենք, որ համապատասխան միջոցներ պարոն Աբովյանն ունեցել է, իսկ դա մենք կներկայացնենք: Այնտեղ եղել են ավանդային գումարներ, որոնք չեն երեւում, քանի որ շատ հին են եղել: Փողերի՝ ռուբլի-դրամ փոփոխություն է եղել 1994 թվականին, լիքը բաներ կան, որոնք պետք է քննարկման առարկա դառնան: Դրանից հետո կտեսնենք՝ այդ գույքերը, որ ձեռք է բերվել, եղե՞լ է այդ գումարը, թե՞ չի եղել» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031