44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս, փոխգնդապետ Դավիթ Ղազարյանն այսօր կդառնար 34 տարեկան։
Դավթի ծննդյան տարեդարձն այսօր իմաստավորվեց ևս մեկ կարևոր գործով. սկիզբ դրվեց հերոսի անունը կրող բարեգործական հիմնադրամի գործունեությանը։
Դավիթ Ղազարյանի հիշատակը հարգելու և հիմնադրամի բացման արարողությանն այսօր ներկա են գտնվել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։
Շնորհավորելով հիմնադրամի ստեղծման առիթով՝ մարզի ղեկավարն ասել է.
Կարդացեք նաև
«Մեր հերոսների գործի շարունակողը մենք բոլորս պետք է լինենք: Նրանք իրենց ամենաթանկն են տվել բոլորիս համար՝ իրենց կյանքը, և մենք մեր գործողություններով պետք է արժանի դառնանք նրանց, ստեղծենք նրանց երազած հայրենիքը»։
Հերոսի անվամբ հիմնադրամը ստեղծել է նրա կինը՝ Հռիփսիմե Մայիլյանը։ Հիմնադրամի ստեղծման գաղափարը տվել են Դավթի զինվորները։
«Տղաները պատերազմից հետո գալիս էին մեզ հյուր, ու յուրաքանչյուրն իր հերթին պատմում էր, թե ինչպիսի հրամանատար են ունեցել, ինչեր է արել նա թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ընթացքում իրենց համար։ Այդ ամբողջ ընթացքում փորձում էի հասկանալ՝ պատերազմն ավարտվեց, հիմա ինչպե՞ս շարունակեմ Դավթի գործը, ի՞նչ անել, ինչի՞ց սկսել։ Ու հասկացա՝ պետք է ոչ թե սկսել, այլ շարունակել։ Շարունակել լինել զինվորի կողքին, զինվորի ընտանիքի կողքին, լինել այն ընտանիքների կողքին, որոնք անմասն չմնացին պատերազմից, ովքեր մեր հայրենիքին նվիրեցին իրենց որդիներին, ամուսիններին ու հայրերին»,- իր խոսքում ասել է Հռիփսիմե Մայիլյանը։
Հիմնադրամի գործունեությունն ուղղված է պատերազմում զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքի անդամների ամենատարբեր խնդիրների լուծմանը։
Լույս է տեսել նաև Դավիթ Ղազարյանի մասին պատմող նրա հարազատների և ընկերների տարբեր հիշողություններից կազմված գիրքը։ Հասույթն ամբողջությամբ կփոխանցվի հիմնադրամին։
Արարատի մարզպետի աշխատակազմ