ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը
Իմ պաշտելի ընկերոջ՝ բժիշկ- ազատամարտիկ Տարոն Տոնոյանի նախաձեռնությամբ ու նվիրումով, իր հայրենի գյուղի՝ սասունցիաբնակ Լեռնարոտի բարձունքին Մայիսի 9-ին հիմնադրվեց մեր ազատագրական պայքարն ու հաղթանակները խորհրդանշող հուշակոթող-խաչքարերի անսամբլ /քանդակագործ՝ Դավիթ Մինասյան/։
Հակասական ու խոցված ապրումների՝ կորուստների ու հաղթանակների, վրեժի ու արժանապատվության, պայքարի ու պատվի, պարտության հետ անհաշտության ու զարթոնքի մասին խոհ ու մտածում կար բոլորի դեմքին։ Հարյուրավոր մարդիկ՝ հաղթանակները նորոգելու, մեզ պարտադրվող իրականության հետ հաշտ չլինելու համոզումով էին եկել հուշարձանի բացմանը:
Մեր բոլոր գոյութենական ճակատամարտերը խորհրդանշող հուշարձանին տարեթվեր էին՝ Սասունի ապստամբություն, Սարդարապատ, Արցախյան ազատամարտ․․․ բայց վերջինն անավարտ էր, անամփոփ․․․
Կարդացեք նաև
Այն մեզ պարտադրված վերջին պատերազմի՝ 44-օրյայի բաց վերքն էր, մեր նորոգվելու, չխոնարհվելու ու չծնկելու կանչը, մեր պարտքը։
Մենք պարտք ենք 44-օրյա պատերազմի նահատակներին, պարտք ենք մեր պատմությանն ու ապագային: Արժանապատվությունն ու ոգին այլընտրանք չունեն, մենք կարող ենք և պարտավոր ենք ճեղքել դատապարտվածության լուծը, պարտավոր ենք չհաշտվել մեզ պարտադրվող դավաճանական ընթացքին: Մեր ապագան տեր է ուզում, մենք պարտավոր ենք բեկել մեր հավաքական պարտության անիվը:
Բանաձևել երազանք ու ՏԵՐ լինել, վերադարձնել տոն ու արժանապատվություն․ սա էր օրվա և մեր լինելյության ուղերձը․․․ Տարոնի ու մյուս նվիրյալների ուղերձը։