Չորս վիրավորներից երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, երկուսինը՝ բավարար, նրանց կյանքին որեւէ վտանգ չի սպառնում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նրանք դեռ Երեւանում չեն, եթե կարիք լինի՝ կտեղափոխենք»,-ասաց նախարարը։
Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ավանեսյանն ասաց, որ շտապօգնության մեքենայի վրա կրակոցների բոլոր դեպքերը փաստագրում են, որոնք հետագայում կօգտագործվեն միջազգային կառույցներին դիմելու, նաեւ՝ միջազգային դատարաններում օգտագործելու համար։
Կարդացեք նաև
Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի մասին։
Կիրակի օրը Բրյուսելում նախատեսվում է ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը։
Վարչապետ Փաշինյանն այսօր կառավարության նիստում վստահեցրել է, որ Բրյուսելում խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը շատ փոքր է։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով հայտնում է՝ իրավիճակի ապակայունացմանը միտված Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ