Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասացին, որ պետք է լինի նոր հանրաքվե՝ կոնկրետ պայմաններով: Փաշինյանը սխալ է մեկնաբանում». Մանվել Սարգսյան. JAMnews

Մայիս 11,2023 13:12

JAMnews. Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում նախքան իր պաշտոնավարումը հայկական դիվանագիտության արդյունավետությունը բանակցային գործընթացում։ Նրա վերջին հայտարարությունն այն մասին, թե Մադրիդյան սկզբունքներով Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է Ադրբեջանի մաս, պարզապես Հայաստանի իշխանությունները ժողովրդին այդ մասին չեն ասել, առաջացրել է մարդկանց տարակուսանքն ու արձագանք փորձագետների շրջանում։

JAMnews-ը զրուցել է քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ, որը ծանոթ է բանակցային գործընթացի մանրամասներին։ 90-ականներին եղել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, 2000-2005 թվականներին՝ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական։

Մանվել Սարգսյան, քաղաքագետ
Ադրբեջանի ինքնիշխանությունը՝ Ղարաբաղի դիմաց

«1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից և դրա արդյունքում Եվրոպայում 15 անկախ պետությունների ձևավորումից հետո հարց բարձրացավ դրանց ճանաչման սկզբունքների մասին։ Այդ առիթով 1991 թվականի դեկտեմբերի 16-ին Բրյուսելում Եվրոպական խորհուրդը համատեղ որոշում ընդունեց մոտեցման վերաբերյալ՝ ինչպես ճանաչել այս նոր պետությունները, ինչ չափանիշների դրանք պետք է համապատասխանեն։

Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընդունվեց Ալմա-Աթայի հռչակագիրը, իսկ դեկտեմբերի վերջին Խորհրդային Միությունը լուծարվեց։

ԵԱՀԽ-ն [Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցություն, 1995 թվականից՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն, կամ ԵԱՀԿ] հայտարարեց հետխորհրդային երկրներին, հատկապես Հայաստանին և Ադրբեջանին, որ կարող է ճանաչել նրանց ինքնիշխանությունը՝ պայմանով, որ նրանք, իրենց հերթին, ճանաչեն Լեռնային Ղարաբաղի պատկանելիության վերաբերյալ տարաձայնությունների առկայության փաստն ու այդ վիճելի հարցի լուծումը պատվիրակեն ԵԱՀԽ-ին։ 1992 թվականի հունվարի 30-ն էր։

Այսինքն՝ Ադրբեջանը համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ, որ Ղարաբաղը Ադրբեջան չէ։ Հատկանշական է, որ Հայաստանում այդ մասին լռում են։

Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումից մեկ օր անց՝ 1992 թվականի հունվարի 31-ին, ԵԱՀԽ-ն որոշեց պատվիրակություն ուղարկել տարածաշրջան, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղ։ Պատվիրակությունը ժամանեց փետրվարի 6-7-ը։ Եվ հենց տեղում Ադրբեջանը պարտավորություն ստանձնեց Հայաստանի հետ միասին ԼՂ կարգավիճակի հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Սա շատ կարևոր սկզբունք էր։

1992 թվականի մարտի 24-ին Մինսկի կոնֆերանսը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու մանդատ ստացավ։ Օրակարգում այլ հարց չկար»։

Հակամարտությունը ղարաբաղյան է, ոչ թե ադրբեջանական

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ստացել է ոչ թե Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու մանդատ։ Հակամարտությունը, որը նա պետք է լուծի, ղարաբաղյան է, ոչ թե ադրբեջանական։

Ադրբեջանի իշխանություններին ասվել է՝ մենք ճանաչում ենք երկրի ինքնիշխանությունը, եթե դուք ճանաչում եք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տարաձայնությունների խնդիրը։ Եվ Ադրբեջանը ճանաչել է։

2007 թվականին առաջին անգամ գործածության մեջ մտավ այն թեզը, որ կարգավիճակը որոշելու է ԼՂԻՄ-ի ժողովուրդը՝ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում։

Մադրիդյան սկզբունքներով, այո, չեղյալ համարեցին 1991 թվականի հանրաքվեն, ինչպես հիմա պնդում է Փաշինյանը, և ասացին, որ պետք է լինի նոր հանրաքվե՝ կոնկրետ պայմաններով։ Բայց դա չի նշանակում, որ ճանաչել են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Արտահայտության երկրորդ մասը Փաշինյանը սխալ է մեկնաբանում».

Արմինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031