Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի վարած քաղաքականությունը պետք է կասեցվի. յուրաքանչյուրիս անվտանգությունը սկսվում է Արցախից. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 11,2023 12:16

Գործը խոսքից կարեւոր է։ Որքան էլ «առաջընթաց», «կայունություն», «խաղաղություն» կամ այլ ցանկալի խոսքեր օգտագործվեն հայտարարությունների մակարդակում, փաստն այն է, որ Արցախի էթնիկ զտմանն ուղղված գործընթացն ակտիվ փուլում է։

Ադրբեջանի հանցագործ գործողությունների պատճառով գրեթե ամբողջությամբ ցամաքել է Արցախի ամենախոշոր ջրամբարը՝ Սարսանգը, ինչն աղետալի հետեւանքներ է ունենալու թե բնապահպանական, թե էներգետիկ, թե տնտեսական առումով։ Նշենք, որ Սարսանգի ջրամբարն ունի ավելի քան 600 խմ ջրատարողություն, որից 500 մլն խմ-ն՝ օգտակար: Այս ամենն ապացուցում է, որ օբյեկտիվորեն անհնարին է Ադրբեջանի կազմում Արցախի որեւէ կարգավիճակով համակեցությունը։

Սա դեռ ամենը չէ։ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիեւը հոր՝ Հեյդար Ալիեւի ծննդյան 100-ամյակի առթիվ ելույթ էր ունեցել բռնազավթված Շուշիում, որտեղ ներկայացրել է Հայաստանի նկատմամբ նկրտումների հաջորդ ուղղությունը: Եթե նախկինում նա շեշտում էր «Արեւմտյան Զանգեզուրի» մասին, ապա վերոնշյալ ելույթում խոսք է եղել «Ղարաբաղն ու Զանգեզուրը վերածնելու», իսկ մենք հասկանանք՝ բռնազավթելու մասին։ Այս ձեւակերպումն ինքնին պետք է բազմաթիվ հարցեր առաջացնի ինչպես մեր հասարակության ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում, քանի որ բացահայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության նկատմամբ։ Մինչդեռ պատմական արդարությունը վերականգնելու եւ տարածաշրջանին իրական խաղաղություն ապահովելու հայ մարդու ձգտումը պիտակավորվում է խեղաթյուրված ընկալումներով, ինչպիսիք են «գերռազմականացումը», «ռեւանշիզմն» ու «ագրեսիան»։ Ավելին՝ Բաքվի բռնապետն ինքն է շարունակում մեծացնել ռազմական նպատակների համար պետբյուջեով նախատեսված հատկացումները, քանի որ պատերազմից հետո անգամ չեն պատրաստվում կանգ առնել, այլ ընդհակառակը՝ «առաջ են գնում»։ «Առաջ գնալու» տրամաբանության շրջանակներում էր առանց զենքի Քարվաճառն ու հայ զինվորի կյանքի եւ արյան գնով պահված Արցախի տարածքները ստանալը, ՀՀ տարածք ներխուժելն ու տեղակայվելը, իսկ այսօր արդեն «Արեւմտյան Զանգեզուրի» փոխարեն ամբողջ Սյունիքի բռնազավթման մասին բարձրաձայնելը։ Հաջողության գրավականներից մեկը նա համարում է համապատասխան ձեւով կրթված սերունդները, այլ կերպ ասած՝ հայատյացությամբ, կեղծ պատմական գիտելիքներ ստացած, ռեւանշիստական ձգտումներով մեծացած սերունդ։ Եվ նման մարդկային հակաարժեքներով մեծացած սերնդին Բաքվի բռնապետը շռայլում է այնպիսի բարձր հատկանիշներ, որոնք բացարձակապես հեռու են իրականությունից։

Բաքվի վարած քաղաքականությունը պետք է կասեցվի բոլոր հնարավոր միջոցներով եւ հնարավորություններով։ Արդեն ակնհայտ է, որ Արցախն ամբողջությամբ հայաթափելուց հետո հերթը հասնելու է Սյունիքին։ Առանց Իրանի հետ անվտանգ ցամաքային կապի վտանգված կլինի նաեւ ամբողջ Հայաստանը, հետեւաբար մեր յուրաքանչյուրի անվտանգությունը սկսվում է Արցախից։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031