Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախի պառակտումը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ. «Փաստ»

Մայիս 11,2023 11:55

Ադրբեջանը շարունակաբար սեղմում է Արցախի շուրջ ստեղծված օղակը։

Ադրբեջանի քայլերի արդյունքում Արցախն այսօր տոտալ շրջափակման մեջ է, ու Բաքուն հույս ունի, թե դրանով կարող է կոտրել արցախցիների ոգին, որի արդյունքում ինչ-որ մի պահից կարող է սկսվել Արցախի վերաինտեգրման գործընթացը։ Բայց արցախցին ոչ միայն շարունակում է դիմակայել փորձություններին, այլև առավել վճռական է տրամադրված իր պայքարի հարցում և որևէ կերպ չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում։ Ավելին, չնայած ՀՀ իշխանությունները ձգտում են օգտագործել Արցախի իշխանությունների վրա իրենց ունեցած լծակները և Արցախում մարել դիմադրության բոլոր օջախները, որպեսզի հասնեն իրենց պլանների իրականացմանը, այն է՝ վերջնականապես ազատվել Արցախյան հիմնահարցից, այդուամենայնիվ, Արցախում դեռևս հայրենասեր ուժեր կան, որոնք տրամադրված են պայքարը շարունակելուն։

Այդ ուժերը, որոնց մեջ բավական մեծ թիվ են կազմում երիտասարդները, դիմադրության նոր օջախներ ձևավորելու նախաձեռնություններով են հանդես գալիս։ Եվ խորհրդանշական էր, որ մայիսի 9-ին Ստեփանակերտում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվեց հանրահավաք, որի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվեց, որ Ադրբեջանը ցանկանում է պառակտել Արցախը, ուստի պետք է վճռական լինել պայքարի շարունակականության հարցում։ Պառակտումը հատկապես ներկայիս պայմաններում կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Արցախի համար։ ՀՀ իշխանությունները պառակտում սերմանելու ու իրենց նպատակներին հասնելու համար կարող են բորբոքել նաև որոշ գործիչների անձնական ամբիցիաները։

Օրինակ՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Սամվել Բաբայանը ևս մտադիր է առաջիկայում հանրահավաք հրավիրել, սակայն դրա հիմնական օրակարգը լինելու է իրեն պետնախարար նշանակելու հարցը, քանի որ ներկայացվում է այնպես, թե միայն ինքը կարող է Արցախը դուրս բերել ներկայիս վիճակից։ Պարզ է, որ ՀՀ իշխանությունները և նրանց աջակցությամբ նաև Արցախի իշխանությունները նման քայլերի են դիմում, քանի որ որևէ ազդեցության լծակ չունեն նոր ձևավորվող դիմադրության օջախների վրա։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ  

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031