2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը սկսեցին շրջանառել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հարցը:
Արդյոք Ադրբեջանը Հայաստանին պատերազմ հայտարարե՞լ է, կամ հակառակը, որ հիմա էլ պատրաստակամություն են հայտնում ու բանակցում են խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Չէ՞ որ ռազմական գործողություններ առավելապես ծավալվել են ոչ թե ՀՀ տարածքում, այլ Արցախում:
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրեցին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները: Փաստաթուղթն ըստ էության հրադադարի համաձայնագիր էր, որի շուրջ ոչ քննարկումներին, և ոչ էլ ստորագրման գործընթացին արցախյան կողմը չէր մասնակցել, չնայած 44-օրյա պատերազմը հենց ԼՂՀ տարածքում էր: Իսկ որ եռակողմ հայտարարությունը հրադադարի մասին էր, փաստում է առաջին կետը.
«Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:
Կարդացեք նաև
Բացի այս կետից, եռակողմ հայտարարության մեջ ներառված հաջորդ 8 կետերից մի մասը, ինչպես նաև կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները և հետագայում դրանց կատարումը վերաբերում էին հենց Արցախին և նրա բնակչության իրավունքներին:
Այնինչ, 1994թ. մայիսի 5-ի Բիշքեկի և 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության վրա հաստատված և 1994 թվականի մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրի տակ կար նաև ղարաբաղյան կողմի ստորագրությունը: Ավելին, Ղարաբաղը մասնակցել էր նաև փաստաթղթի շուրջ բանակցություններին:
Ի դեպ, «Օրբելի» կենտրոնի փոխանցմամբ, 1994թ. հուլիսի 26-ին ստորագրվել էր նաև հրադադարի վերահաստատման համաձայնագիր, որը կողմերը ստորագրել էին արդեն ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՀԽ Մինսկի համաժողովի նախագահության միջնորդությամբ:
1995թ. փետրվարի 6-ից ուժի մեջ էր մտել եռակողմ (Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ) «ԼՂ հիմնախնդրում հրադադարի ամրապնդման» մասին ԵԱՀԿ Մինսկի համաժողովի առաջարկի հիման վրա կազմված համաձայնագիրը, որը ենթադրում էր միջադեպերի ուսումնասիրության և էսկալացիայի վերահսկման մեխանիզմների ներդրում:
Այսինքն, Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը վերաբերող ոչ մի փաստաթուղթ չի եղել առանց արցախյան կողմի ստորագրության:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։