Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մինչև 2018 թվականը Թուրքիան Հայաստանի հետ խոսում էր նախապայմանների լեզվով, ապա այսօր խոսում է և՛ նախապայմանների, և՛ պարտադրանքի լեզվով. Հայկ Դեմոյան. «Փաստ»

Մայիս 11,2023 11:10

«Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանի բացմանը նախորդած թուրքական կողմի գործողություններից, արձագանքներից ու պահանջներից հետո Հայաստանի իշխանությունները որոշ հայտարարություններ արեցին։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հուշարձանի տեղադրումը սխալ որոշում էր։ Այս պահի դրությամբ հուշարձանն ապամոնտաժելու որոշում չկա։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի խոսքով, այս առումով միակ հուսադրող հանգամանքն այն է, որ ներկա իշխանությունը չունի այն աջակցությունը, որն ուներ մեկ կամ, առավել ևս, 4 տարի առաջ։

«Այն, ինչը մենք անվանում ենք ոչ համարժեք հարաբերություններ, ակնհայտ է դառնում ամեն օր։ Թուրքիան բնավ չի թաքցնում, որ լուրջ չի վերաբերվում Հայաստանին՝ ի դեմս ներկա իշխանությունների, որոնք պատրաստ են զիջելու, և որոնց հետ կարող է Թուրքիան նման կերպ խոսել և գործել։ Իրենց պայմանական գործընկերը՝ ի դեմս Հայաստանի ներկա իշխանությունների, հակված է լռել ցանկացած ստորացուցիչ ձևակերպման, ստորացուցիչ գնահատականի դեպքում։ Ինչո՞ւ, որովհետև լավ գիտեն, որ ներկայիս իշխանությունները դեռ 3 տարի առաջ, անգամ պատերազմից հետո բնավ չէին թաքցնում, որ պատրաստ են գնալ հայթուրքական սահմանների բացմանը։ 2020-ի նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության տեքստի հրապարակումից մի քանի օր անց հայտարարեցին, որ «այժմ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու և հարաբերություններ կարգավորելու պատեհ առիթ է ստեղծվել»։ Պատերազմի, ընդ որում՝ նման ելքով պատերազմի դեպքում անգամ ամենաստոր ձևով հայտնեցին իրենց ցանկությունը, այն է՝ ցանկացած գնով գնալ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհով»,ասաց Դեմոյանը։

Հայկ Դեմոյանը ներկայիս իրավիճակը բնութագրելու համար պահանջարկի ու առաջարկի օրինակը բերեց. «Եթե առևտրային հարաբերություններում որևէ բանի խիստ պահանջարկ կա, ապա գինը թանկանում է։ Հետևաբար, թուրքական կողմը ոչ միայն թանկացնում է այդ գինը, այլև ստորացնում է իր հաճախորդին։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելը, ավելի ժողովրդական լեզվով ասած, նման է կատվի և մկան խաղին։ Բացի իրար հաջորդող տարբեր քաշի և կշռի զիջումներ ակնկալելուց, Թուրքիան հայկական կողմից որևէ ակնկալիք չունի։ Ու քանի որ ստանում է, ցանկացած զիջում բերում է դրա քանակի կրկնապատկմանն ու եռապատկմանը։ Եթե մինչև 2018 թվականը Թուրքիան Հայաստանի հետ խոսում էր նախապայմանների լեզվով, ապա այսօր խոսում է և՛ նախապայմանների, և՛ պարտադրանքի լեզվով։ Թուրքիան պարտադրում է այս կամ այն քայլը անել և դրական արձագանք ստանում ներկա իշխանությունների կողմից։ Այսօրվա իշխանությունը շատ միջակ ինտելեկտուալ կարողություններ ունեցող անձանց հավաքածու է։ Ծանրամարտում մարզիչներն ու մարզիկը քաշ են պատվիրում՝ ենթադրելով, որ այդ քաշը մարզիկը կարող է գլխավերևում պահել, իսկ այս անձինք այնպիսի քաշ են պատվիրել, որն իրենց խելքի և ուժի բանը չէ»։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031