Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ չեն հաշտվելու։ Սա՝ ի գիտություն, իբր, խաղաղությանը հավատացողների․ «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 11,2023 10:54

Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ չեն հաշտվելու։ Սա՝ ի գիտություն, իբր, խաղաղությանը հավատացողների։ Եվ այդ խաղաղության անհնարինությունն ապացուցելու համար թյուրքական թաքուն ու հեռահար նպատակներին անդրադառնալու կարիք անգամ չկա, որովհետեւ չափից շատ են նույնիսկ բացահայտ ու տեսանելի փաստերը։

Օրինակ՝ 44-օրյայից հետո հիշում ենք՝ ինչ էին շրջանառում թուրքական ու հայկական, նաեւ՝ միջազգային հատվածներից խաղաղությանը «հավատացող» (կամ՝ առանց չակերտների՝ հայտարարը նույնն է) կողմերը։ Այն, որ հայ-թուրքական տնտեսական համագործակցությունը քաղաքական շատ հարցերի լուծում կտա։ Մինչդեռ իրականում այս թեզը մեծագույն սուտ է, որովհետեւ չկա՛ն զուտ տնտեսական հարցեր։ Ավելին՝ մեր այս դաժան տարածաշրջանում բոլոր հարցերը՝ մշակութային, կրթական, տնտեսական, քաղաքական կոշտ փաթեթավորմամբ են եւ անպայման աշխարհաքաղաքական պատճառաբանությամբ։ Տարիներ առաջ, երբ «Լուսանցք» շաբաթաթերթն էի խմբագրում, ահազանգեցինք, որ պետք է զգոն լինել, քանզի Ադրբեջանը հայերենի խորացված ուսուցմամբ դասընթացներ է սկսում, ուշադրության չարժանացանք։ Թե ինչ եղավ 44-օրյայի ընթացքում, շատերս լսած կլինենք մեր զինվորներից, երբ հաճախ չեն տարբերել թշնամուն, որովհետեւ վերջինս հայերեն է խոսել։

Զուտ տնտեսական համագործակցություն ուզող թուրքական կողմը Երեւանում «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանի բացումից հետո չէր գազազի եւ չէր փակի օդային տարածքը հայկական օդանավերի համար։ Բա չփակեին, թողնեին տնտեսական սերտացումը քաղաքական սերտացում ապահովեր։

Երբ Թուրքիայում երկրաշարժերի շարքից հետո Հայաստանը օգնության ձեռք մեկնեց, ինչ եղավ Թուրքիայի պատասխանը. «Երկրաշարժից հետո Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացվել է մարդասիրական օգնության առաքման համար, սակայն սահմանների բացումը կախված է քաղաքական իրավիճակից։ Հայաստանի հետ ամեն քայլ Թուրքիան համաձայնեցնում է Ադրբեջանի հետ» (Չավուշօղլու)։ Այսինքն՝ չի լինելու տնտեսական համագործակցություն առանց քաղաքական իրավիճակի կարգավորման։ Բնականաբար, այնպիսի կարգավորման, որ ձեռնտու է թուրքական կողմին։ Իսկ Ադրբեջանը բազմիցս նշել է՝ իր համար Հայաստանի Հանրապետություն չկա, կա «Արեւմտյան Ադրբեջան»։ Ի՞նչ է անում այս կարգի թշնամու հետ խաղաղության պատրաստ հայկական կողմը։ Ցավոք, զուտ արձանագրում է, թե ադրբեջանական զինուժն ինչքան հողերի է տիրացել Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերում՝ «մոռանալով», որ այդ ահագնացող թվերի հետեւում զուտ տվյալ տարածքի մեր հայրենակցի սոցիալական վիճակը չէ, այլ՝ մեր պետության լինելիության ու արժանապատվության հարցը։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031