Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է հնարավոր ժողովրդին խաբել

Մայիս 11,2023 12:00

«Ընտրության ընկալում» կոգնիտիվ շեղումը

«Ժողովրդի մի մասին կարելի է խաբել միշտ, ամբողջ ժողովրդին կարելի է խաբել որոշ ժամանակ, բայց հնարավոր չէ միշտ խաբել ամբողջ ժողովրդին»: Այդ թեւավոր խոսքը վերագրվում է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնին՝ չնայած Լինքոլնից ավելի քան մեկ դար առաջ նման բան էր գրել ֆրանսիացի լուսավորիչ Դենի Դիդրոն:

Անկախ նրանից, թե ով է դա իրականում ասել առաջին անգամ, այդ ասույթի լուսավորչական պաթոսն ակնհայտ է: Հիմքում այն լավատեսական միտքն է, որ բավարար է ստեղծել համապատասխան միջավայր, բավականաչափ կրթել մարդկանց, ինչպես նաեւ ձեւավորել «ճիշտ» պետական ինստիտուտներ, եւ մարդիկ կհրաժարվեն իրենց մոլորություններից: Այդպես էր մտածում Դիդրոն 18-րդ դարում եւ Լինքոլնը 19-րդ դարում:

Ինչ խոսք, լավ կլիներ, եթե նրանք իրավացի լինեին: Բայց 20-րդ դարի իրողությունները հիմնովին հերքում են այդ սխեմատիկ պատկերացումները: Եվ խոսքը ոչ միայն տոտալիտար ռեժիմների հաստատումն է, այլեւ այդ ռեժիմների պայմաններում ապրող մարդկանց զանգվածային մոլորությունները: Մասնավորապես, Գերմանիայում պետության հանրապետական ձեւը եւ կառավարման խորհրդարանական համակարգը չխոչընդոտեցին ո՛չ բռնապետության հաստատմանը, ո՛չ էլ միլիոնավոր գերմանացիների (1930-ական թվականների դրությամբ ամենակրթված եւ զարգացած ժողովրդի) կործանարար մոլորություններին:

Այդ է պատճառը, որ 20-րդ դարի երկրորդ կեսին քաղաքագետները սկսեցին ուշադրությունը սեւեռել այլ, «սուբյեկտիվ» գործոնների վրա: Ամերիկացի Գեբրիել Ալմոնդը, օրինակ, վստահ էր, որ հասարակության «ինտեգրացնող» գործոնը ոչ թե ինստիտուցիոնալ իշխանական փոխհարաբերությունների մեջ է, այլ քաղաքական մշակույթի, այսինքն՝ քաղաքական համակարգի վերաբերյալ մարդկանց հայացքների, դիրքորոշումների, կարծիքների մեջ: Ընդհանուր քաղաքական համակարգի վերաբերյալ դրանք կարող են բնորոշվել որպես հայրենասիրություն կամ օտարվածություն, ազգը բնորոշելու առումով՝ որպես «մեծ», «փոքր», «ուժեղ», «թույլ», բուն քաղաքականության վերաբերյալ՝ որպես «դեմոկրատական», «սահմանադրական», «սոցիալիստական»:

Եթե կարեւոր են հայացքները, դիրքորոշումները եւ կարծիքները, ապա հսկայական նշանակություն է ձեռք բերում մանիպուլյացիան, քարոզչությունը:  Իսկ այս ոլորտում առանց հոգեբանության առանձնահատկություններն իմանալու հնարավոր չէ աշխատել: Մասնավորապես, պետք է ծանոթ լինել մեր, այսպես կոչված, «կոգնիտիվ շեղումներին» (cognitive distortions), այսինքն՝ մտածողության համակարգային սխալներին: Կոգնիտիվ շեղումները կամ խեղաթյուրումները, որոնցից օգտվում է քարոզչությունը, բազմաթիվ են եւ բազմապիսի: Ամենապարզունակներից մեկն է կրկնության էֆեկտը: Մաքսիմ Գորկու հերոսներից մեկն է նկատել՝ մարդուն 100 անգամ ասա, որ նա խոզ է, եւ 101-րդ անգամից հետո նա կսկսի խոզի պես խռխռալ: Կամ՝ ինչպես Ջորջ Օրուելի անասնաֆերմայում է, «չորս ոտքը լավ է, երկու ոտքը՝ վատ», եւ ամեն առավոտ այդ մանտրան կրկնելով անասունները համոզվում են, որ իրենք մարդկանցից լավն են: Ավելի ժամանակակից օրինակ՝ մարդկանց ամեն օր ասում էին, որ արագաչափերի տուգանքների միջոցով իրենց թալանում են, եւ դա մխրճվել է նրանց գիտակցության մեջ:

Բայց հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում դրանից հետո, եւ այստեղ մենք գործ ունենք ավելի բարդ կոգնիտիվ շեղման հետ: Երբ պետք է կարգախոսը փոխել 180 աստիճանով, մարդիկ, միեւնույն է, շարունակում են հավատալ, որ այդ կարգախոսն արտասանողներն իրավացի են: Նույն Օրուելի վեպում, երբ ասվում է, որ «չորսը լավ է, բայց երկուսն՝ ավելի լավ», կամ երբ ասվում է, որ բոլոր կենդանիները հավասար են, բայց կան ավելի հավասարներ, դա առանձին դիմադրության չի հանդիպում: Ճիշտ նույն ձեւով՝ անկարգապահ վարորդները նույն արագաչափերի գրանցած խախտումների համար վճարում են նույն տուգանքները, բայց այժմ դա մեծ բողոք չի առաջացնում եւ լուրջ քաղաքական խնդիր չէ: Այստեղ գործում է մեկ այլ կոգնիտիվ շեղում, որը կոչվում է «ընտրության ընկալում»:

Ենթադրենք, դուք խանութում թանկ եւ անպետք ապրանք եք գնել: Ձեր ուղեղն ամեն ինչ անում է, որպեսզի դուք այդ ընտրությունն ամեն կերպ արդարացնեք: Որքան անիմաստ է մեր ընտրությունն, այնքան մեծ խանդավառությամբ ենք մենք այն պաշտպանում, եւ փորձում ենք գտնել մեր գնած անպետք ապրանքի մեջ ինչ-որ առավելություններ: Մոտավորապես այդ սկզբունքով են գործում տոտալիտար աղանդները եւ ֆինանսական բուրգերը: Մարդիկ, ընկնելով վատ վիճակի մեջ, ամաչում են ասել, նույնիսկ իրենք իրենց չեն ցանկանում խոստովանել, որ սխալ են գործել: Դա նաեւ մի քիչ նման է ստոկհոլմյան սինդրոմին, երբ զոհը սկսում է առաքինություններ փնտրել ագրեսորի մեջ:

Մեր քաղաքացիներից շատերը նույնպես հոգու խորքում հասկանում են, որ 2018 եւ հատկապես 2021 թվականին սխալ ընտրություն են կատարել: Բայց դա խոստովանելն իրենց համար դժվար է՝ նրանք, ենթադրենք, մեծ խանդավառությամբ փակել են փողոցները, վանկարկել են «քայլ արա, մերժիր Սերժին»: Նրանք այդ ընթացքում ինքնահաստատվել են որպես քաղաքացիներ, գուցե առաջին անգամ են իրենց քաղաքացի զգացել, շնչել են հեղափոխական ռոմանտիկայի օդը, իրենց համարել են կարեւոր գործի մի մաս եւ «պայքարող տեսակ»: Եվ այսքանից հետո հանկարծ խոստովանել, որ այդ ամենը Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը բերեց աղետալի վիճակի… Կարող եմ պատկերացնել, թե որքան դժվար է դա: Ժամանակի ընթացքում, իհարկե, շատերի մոտ իրադարձությունների վերաիմաստավորում տեղի կունենա: Բայց առայժմ դրա մասին խոսելը վաղ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031