«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող գործընթացներին, դիմադրության օջախներին, մայիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքին։ «Արցախն իսկապես ծանրագույն իրավիճակում է այս պահին։ Հարց է՝ Հայաստանում ոմանք պատրաստ կլինեի՞ն այսքան պայքարել, դժվարություններ հաղթահարել, ինչը տեսնում ենք Արցախում։ Հասարակությունն իր հնարավորությունների չափով փորձում է ինչ-որ կերպ հակազդել այս գործողություններին, քաղաքացիական դիրքորոշում արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բայց եթե Արցախը ժամանակին քաղաքական դիրքորոշում հայտնած լիներ, այդ թվում՝ նաև այն բանակցությունների մասին, որոնք Փաշինյանը դեռևս 2022-ին վարել է Պրահայում, այս փուլին չէինք հասնի։ Հիմա Արցախի ձեռքում այդքան շատ գործիքներ չկան։ Այս փուլում կարևոր է հնարավոր բոլոր մեթոդներով ապահովել Արցախի Հանրապետության պետականության շարունակականությունը, հստակ դիրքորոշում արտահայտել, որ իրենք չեն տեսնում Ադրբեջանի հետ ինտեգրացիայի որևիցե հնարավոր տարբերակ։
Բացի այդ, պետք է, երևի, սպասեն, մինչև Հայաստանում կակտիվանան քաղաքական գործընթացները, և միգուցե այդ ժամանակ ավելի ակտիվ քաղաքական դիրքորոշում կհայտնեն։ Ներկա փուլում իրենք շատ հարցերում պարզապես դիտորդի են վերածվել, իրենք պետք է արձագանքեն այն գործընթացներին, որոնք կլինեն Հայաստանում։ Այսինքն, եթե Հայաստանում իրապես այլընտրանքային բևեռ, ճակատ ձևավորվի, որը երկրում քաղաքական իրավիճակ փոխելու հստակ գործողություններ կիրականացնի, իհարկե, Արցախից եկած քաղաքական դիրքորոշումը շատ մեծ ազդեցություն կունենա ընդհանուր գործընթացների վրա։ Իրավիճակն այսպիսին է, բայց նաև անկեղծ պետք է լինենք. ստեղծված իրավիճակը Արցախի իշխանությունների կրավորական կեցվածքի ուղիղ դրսևորումն է։ Առաջին հերթին խոսքը Արայիկ Հարությունյանի մասին է։ Արցախը երկար ժամանակ պաշտոնական Երևանի վրա ճնշումներ գործադրելու հնարավորություն ուներ, որպեսզի Երևանն իր դիրքորոշումը փոխի, բայց Արցախի իշխանություններն այլ ճանապարհով գնացին»,-շեշտեց զրուցակիցը։
Նրա խոսքով, իրականում խնդիրների լուծման բանալին գտնվում է Հայաստանում՝ կառավարական առաջին շենքում. «Մինչև Արցախի կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը չփոխվի, Արցախը կշարունակի շրջափակված մնալ»։
Կարդացեք նաև
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում