Այսօր գրող, հրապարակախոս, լրագրող, լուսահոգի Վահան Իշխանյանի ծննդյան օրը կայացավ նրա «Դառը ծով» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակել է Newmag-ը։ Վեպը Վահան Իշխանյանի վերջին գործն է, որ գրել է մեկ տարի առաջ, Կանադայում։
Newmag-ի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը Aravot.am-ին պատմեց, որ Վահան Իշխանյանի հետ համագործակցել սկսել են դեռ 2015 թվականին, երբ իրեն առաջարկել է խմբագրել Հարութ Կբեյանի «Լոտո» վեպը։ «Դրանից հետո անընդհատ շփումների մեջ էինք տարբեր նախագծերում։ Ու խոսում էինք, որ Վահանը շարունակի էլի գրքեր խմբագրել։ Հետո մի օր Վահանն ասաց, որ վեպ է գրում ու հուսով է, որ ինձ կհետաքրքրի։։ Իսկ երբ իր հիվանդությունը հայտնաբերվեց, ինձ ասաց, որ քաղցկեղ է մոտը, բայց լավ վեպ է գրել անկախ ամեն ինչից։ Ասաց․ «Չգիտեմ, կհասցնե՞մ տեսնել, թե ոչ, բայց կուզենայի, որ դու տպագրես»։ Ես խոստացա ու այսօր խոստումս կատարեցի»։
Վահան Իշխանյանի հարազատները, գործընկերները, որոնք ներկա էին շնորհանդեսին, հետաքրքիր դրվագներ պատմեցին նրա կյանքից, հանրային գործունեությունից, որը շատ հաճախ անհանգստություն էր պատճառում շատերին,եւ թե ինչպես նախապես գրված պատմվածքը դարձավ վեպ։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ