Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցից օգտվելը կարող է օգնել տարեց մարդկանց դեմենցիայից պաշտպանվելու հարցում

Մայիս 11,2023 09:30

Նոր հետազոտությունում ուսումնասիրվել է համացանցի՝ որպես դեմենցիայի կանխարգելիչ միջոցի ազդեցությունը տարեց մարդկանց վրա։
Ինչպես պարզվել է, տարեց մարդիկ, որոնք կանոնավոր կերպով օգտվում են համացանցից, գրեթե երկու անգամ ավելի քիչ են տառապում դեմենցիայից, քան այն մարդիկ, որոնք կանոնավոր կերպով համացանցից չեն օգտվում։

Երկարաժամկետ հետազոտության (մինչև 17,1 տ) շրջանակներում ուսումնասիրության հեղինակները հետևել են 18 154 մեծահասակների մտավոր առողջությանը։ Հետազոտության սկզբում մասնակիցները եղել են 50 -ից 64,9 տարեկան և դեմենցիա չեն ունեցել։

Համացանցից մշտապես օգտվողների շրջանում դեմենցիայի զարգացման վտանգը 43 տոկոսով ցածր է եղել՝ համեմատած այն մասնակիցների հետ, որոնք կանոնավոր կերպով չեն օգտագործել համացանցը։ Հետազոտության ավարտին ընդհանուր մասնակիցների 4,68%-ի մոտ ախտորոշվել է դեմենցիա։

Ստացված տվյալները վկայում են, որ դեմենցիայի վտանգի նվազեցման լավագույն արդյունքը նկատվել է օրական 0,1-ից 2 ժամ օգտագործման դեպքում։

Նրանք, որոնք երբեք չեն օգտվել համացանցից կամ օգտվել են 2 ժամից ավելի, ենթարկվել են թուլամտության զարգացման ավելի մեծ վտանգի։ Հետազոտության հեղինակները նաև դիտարկել են մասնակիցների կրթական մակարդակի, ռասայական, ազգային պատկանելիության, սեռի և համացանցի օգտագործման ու թուլամտության միջև կապը՝ հայտնաբերելով, որ դեմենցիայի վտանգը կախված չէ այդ գործոններից։

Հետազոտությունը հրապարակվել է Journal of the American Geriatrics Society-ում։

Համացանցից օգտվելու լավագույն չափը

Ծերաբույժ Սքոթ Կայզերը, որը չի մասնակցել հետազոտությանը, զգուշացնում է, որ համացանցի չափից շատ օգտագործումը, երբ տարեց մարդիկ անդադար թերթում են սոցիալական ցանցերն ու հիմնականում դիտում բացասական լուրերով ծանրաբեռնված նյութեր, կարող է անմիջականորեն և բացասաբար  ազդել ծերացման գործընթացի վրա՝ ընդհուպ մինչև վատ ինքնազգացողություն առաջացնելով։

Ընդ որում, համացանցում անցկացված շատ ժամանակը նաև նպաստում է նստակյաց կյանքին, ինչն ինքնին հղի է առողջության համար մի շարք վտանգներով։ Ահա թե ինչու է օպտիմալ համարվում կես ժամից երկժամյա միջակայքը, թեև հետազոտությամբ հստակ չի նշվում, թե մասնակիցները կոնկրետ ինչ են արել համացանցում։

Համացանցի օգտագործումն ինչո՞վ է նպաստում դեմենցիայի կանխարգելմանը

Դոկտոր Կայզերի խոսքով․ «Մենք գիտենք, որ նոր բաների ուսումնասիրությունը նշանակալի դեր ունի մեր գլխուղեղի պաշտպանության և թուլամտության զարգացման վտանգի նվազեցման հարցում»։

«Կարելի է ասել, որ տարեց հասակում համացանցի օգտագործումը մտավոր առավելություններ ունի, քանի որ սովորելն ու նոր տեխնոլոգիաների յուրացումը կարող է խթանել գլխուղեղը՝ այդպիսով դրական ազդելով մարդկանց ճանաչողական գործառույթների վրա»,- ասել է դոկտոր Սնորի Ռաֆնսոնը։ Նա նշել է, որ տարեց մարդիկ հիմնականում օգտագործում են համացանցն առողջությանը վերաբերող տեղեկություններ որոնելու համար, ինչպես նաև սոցիալական կապեր հաստատելու համար, իսկ կապն այլ մարդկանց հետ շատ կարևոր է տարեց հասակում։

Դոկտոր Կայզերը, կարևորելով տարեց մարդկանց կյանքում համացանցի դերը դրական աշխարհընկալում ձևավորելու հարցում, զգուշացնում է այն երեք բացասական մոտեցումների ու գործոնների մասին, որոնք կարող են նպաստել թուլամտության զարգացմանը։ Ըստ բժշկի՝ դրանք են՝

  • Բացասական աշխարհընկալումը,
  • ծերացող մարմնի նկատմամբ ոչ ճիշտ վերաբերմունքը,
  • սթրեսի պատճառով կորտիզոլի մշտական բարձր մակարդակն ու խրոնիկ բորբոքումը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հաա՝եթե մանավանդ կարդաք Սոդքում ներկա իրավիճակի մասին տեղեկատվությունը….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031