Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են անում Գյումրիում Չեխիայի, Լեհաստանի, Վրաստանի պետական կառույցների ու ՀԿ-ների ներկայացուցիչները

Մայիս 10,2023 23:40

Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում միջազգային ուսումնական այցով Գյումրիում են գտնվում Չեխիայի, Լեհաստանի, Վրաստանի պետական ու ոչ պետական կառույցների 29 ներկայացուցիչներ։ Մասնակից երկրներից է նաև Հայաստանը։

Նրանք հանդիպել են Հայաստանի տարբեր պաշտոնյաների, համայնքապետերի, ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ՝ փնտրելով համագործակցության ոլորտներ։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ արդեն իսկ քննարկել են բնապահպանական ոլորտում համագործակցություն սկսելու, այսպես ասած «կանաչ ծրագրեր» իրականացնելու հարցը։

Առաջարկվել է Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներին աշխատանքային այցով հյուրընկալել Չեխիայում, Լեհաստանում, վերապատրաստումներ անել տեղեկատվական տեխնոլոգիաների, ծանր ու թեթև արդյունաբերության ոլորտներում։

Հյուրերը տարբեր կառույցների՝ նախարարությունների, մարզպետարանների, կրթական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ու երիտասարդական հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչներ են, որոնց այցը կազմակերպել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ լեհական «FUNDACJA LAJA» հիմնադրամի հետ համատեղ։

Լեհական «FUNDACJA LAJA» հիմնադրամի ներկայացուցիչ Պետր Կանտորը, որն առաջին անգամն է Հայաստանում, Aravot.am-ի հետ զրույցում ասաց․

«Մեր այցի նպատակն է լեհական-չեխական-հայկական կողմերի միջև համագործակցության հաստատումը։

«LAJA» հիմնադրամը հիմնականում աջակցում է կազմակերպություններին, հիմնադրամներին, համայնքապետարաններին միջոլորտային համագործակցության ու նաև երիտասարդական աշխատանքի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում։

Մենք նաև թեյի փառատոներ ենք կազմակերպում, այդ շրջանակներում ևս տեսնում եմ համագործակցության եզրեր, որովհետև հայկական մշակույթը շատ հետաքրքիր է, նմանություններ ունենք, ուստի մեր ծրագրի նպատակներից մեկն է համագործակցել փառատոների շրջանակներում։ Թեյի փառատոնը կկազմակերպվի հունիսի 24-25-ը։

Մեր թիմում պետական ոլորտի ներկայացուցիչներից բացի ունենք նաև կրթական համակարգի ներկայացուցիչներ, այցելել ենք տեղի համալսարաններից մեկը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ։ Համագործակցության եզրեր ենք տեսնում նաև կրթական հաստատությունների հետ՝ տարբեր ծրագրերի իրականացման միջոցով։

Ամփոփելով ասեմ՝ մենք համագործակցության մի քանի ոլորտներ ունենք՝ մշակութային, բնապահպանական, ռազմավարական գործընկերությունը, որը ներգրավում է համայնքապետարանների հետ համագործակցությունը և կրթական ոլորտը»։

Մեր զրուցակիցն առանձնահատուկ նշեց երիտասարդական ոլորտի հետ համագործակցությունը։

«Այս ամենից զատ մենք ունենք ոգեշնչող օրինակներ, օրինակ՝ այցելություն ենք ունեցել ՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի « Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոններ։ Տեսել ենք՝ ինչպես են համայնքներին ներգրավում երիտասարդական աշխատանքում, ինչպես են երիտասարդների հետ աշխատում։

Մյուս օրինակը կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, այցելել ենք «Թումո» կենտրոն, շատ տպավորված ենք այն ծրագրերով, հնարավորություններով և ծառայություններով, որոնք կենտրոնը մատուցում է։

Հիմա պիտի գործուն քայլեր ձեռնարկենք, որպեսզի այս ամենը կյանքի կոչենք, համատեղ ծրագրեր իրականացնենք։

Սա մեզ համար մեկանգամյա իրականացվող ծրագիր չէ․ մենք սկսել ենք 2017 թվականից, առաջին փուլը տեղի է ունեցել Վրաստանում, երկրորդը՝ Լեհաստանում և Չեխիայում, երրորդն՝ այս պահին Հայաստանում։

Հիմա հող ենք նախապատրաստում մեր հետագա համագործակցության համար։Եվ քանի դեռ ծրագիրն ընթանում է Հայաստանում, այս օրերին մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ»,-ասաց մեր զրուցակիցը։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ, «Միջոլորտային համագործակցություն երիտասարդական ոլորտում» ծրագրի ղեկավար Մարիամ Ղարագոզյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանի պետական ու ոչ պետական կառույցներ, տարբեր համայնքապետարաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոններ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Լոռու «Քոաֆ» սմարթ կենտրոն, ուսումնական հաստատություններ այցեր ունենալուց բացի նախատեսում են այց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

Հյուրերը հետաքրքրված են երիտասարդական աշխատանքի և երիտասարդական քաղաքականության առկա իրավիճակով։

«Նպատակ կա բացահայտելու այս ոլորտի առավելություններն ու թերությունները ու հնարավորություն ստեղծել համատեղ ծրագրեր մշակելու։ Բացի այդ, կա նպատակ երիտասարդական քաղաքականությունը տեղայնացնելու, որովհետև ծրագրում ներգրավված երկրներից մի քանիսը տեղական երիտասարդական քաղաքականություն չունեն։ Ծրագրերը միտված են մեկ անգամ ևս շեշտադրելու դրա անհրաժեշտությունը»,-ասաց Մարիամ Ղարագոզյանը։

Ծրագիրը, որը մեկնարկել է մայիսի 6-ին, կավարտվի երեք օրից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031