«Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ մենք շարունակում ենք Արցախի ճանապարհի բացման երկրորդ շարժումը։ Մենք շարժմանը միտումնավոր անուն չենք տվել՝ համոզված լինելով, որ անունը պիտի ժողովրդի միջից դուրս գա։ Քանի որ մենք սա համարում ենք համաժողովրդական ընդվզման ալիք․ ժողովուրդը պիտի իր միջից ի հայտ բերի նաեւ առաջնորդներին։
Այսօր, օրինակ, մենք միջոցառումն իրականացնում ենք հետադարձ կապի քննարկումների տեսքով։ Պարտադիր չէ, որ ամեն օր հանրահավաք լինի, ոմանք վերեւից խոսեն, մյուսները ներքեւում լսեն։ Մենք փորձում ենք մարդկանց հետ խոսելով հասկանալ լուծման ինչ հնարավոր տարբերակներ կան, հայկական կողմը առաջացող հարցերին ինչպես պատասխանի։ Հայտնի է, որ բոլոր լավ մտքերը ոչ թե ամբիոններից են հնչում, այլ ծնվում են հասարակ ժողովրդի մեջ։
Այս նախաձեռնության հեղինակները ապակուսակցական են, շարժումն ապակուսակցական է, թեեւ յուրաքանչյուրս էլ ունենք մեր քաղաքական հայացքները, խնդիրների շուրջ քաղաքական դիրքորոշումները»,- այսօր Ազատության հրապարակում կազմակերպված միջոցառման ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնող խմբից հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը։ Նա կարեւորեց նաեւ, որ իրենք չեն ասում՝ եկեք, միացեք մեզ, մեր շարժմանը։ «Մենք չենք ասում, թե մենք ենք ճիշտ։՝ Մենք կոչ ենք անում միավորվելու, միասին ստեղծված իրավիճակից ելք գտնելու»,- ասաց նա։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ