Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյան. «Մեր ավանդական նախկինները գրանցեցին ևս մեկ մեծ բարոյական հաղթանակ՝ հերթական շոուն կազմակերպելով»

Մայիս 10,2023 22:20

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ Գերմանիայի Քյոլնի հայ համայնքի հանդիպումը խափանելու փորձ արվեց: Սադրանքի ոճը նույնն էր, ինչ 2022-ի hուլիսին Լոս Անջելեսում: Այլ կերպ ասած, մանր խուլիգանական ակտ, որի կցկտուր և խմբագրված ինչ֊որ դրվագներ հայտնվեցին հայ ազգի կողմից մերժված նախկիններին, ինչպես նաև տխրահռչակ և Հայ ազգի թշնամիներին սպասարկող մի ավանդական կառույցի «մամլո» միջոցներում:

Ուրեմն, եկել էին համայնքին անհայտ 4 անձինք, որոնք առաջին իսկ վայրկյանից սկսեցին գոռգոռալ, ինձ մեղադրել, որ իբր եկել եմ փող ուզելու (դե, պրիմիտիվ ուղեղի համար փողից բացի այլ թեմա գոյություն չունի) և շատ սահուն ինքներն անցան ինձանից փող ուզելուն:

Պահանջում էին իրենց փողերը, որոնք իրենք իբր տվել էին պատերազմի ժամանակ: Ներկաների հարցին, թե ում են փող տվել՝ պատասխանեցին, որ ում որ պետք է, նրան էլ տվել են….

Սրան զուգահեռ սկսեցին հայտնի մեղադրանքները հող հանձնելու, դավաճանության հետ կապված: Պարզվեց, որ այս չորսից երեքը հայր, մայր և որդի էին, և 1991 թվականին Հայաստանից արտագաղթելով` արդեն երեսուն տարուց ավելի շաաաաաատ հեռվից շաաաատ-շաաաաատ սիրում են հայրենիքը և պայքարում են Արցախի և Հայաստանի համար:

Երբ իրենց կլոունադային որոշ ժամանակ տալուց հետո հարցրեցի` վերջացրեցին, թե ոչ, պատասխանեցին իրենց կրկեսը շարունակելով: Պնդեցի, որ հեռանան, քանի որ իրենց պատվիրատուների պատվերը կատարել են, իրենց ստոր ֆունկցիան իրագործել են, և չեմ թույլատրի, որ մեզ խանգարեն: Իրենք պնդեցին, որ ես եմ հեռանալու և ոչ իրենք: Սխալվեցին, քանի որ երևի ինձ չէին ճանաչում, և արդյունքում գերմանացի ոստիկանները փնթի վարձկաններին դուրս նետեցին տարածքից: Իսկ մենք շարունակեցինք մեր երկար և արդյունավետ հանդիպումը համայնքի հետ:

Ամենացավալին այն է, որ մինչ ոստիկանները` խուլիգաններից կմաքրեին տարածքը, ինձ մոտեցավ աշխարհահռչակ Մաքս Պլանք ինստիտուտի պրոֆեսոր, Գերմանիայում ծնված և հայերենին չտիրապետող Միքայել Մելքոնյանը և անգլերեն ներողություն խնդրելով վարձկանների պահվածքի համար` ասաց, որ եկել էր հանդիպմանը, որպեսզի ինձ լսեր, համագործակցության մասին խոսեր, բայց որ այս անմակարդակ մթնոլորտում չի ուզում լինել և սրանց նմանների պատճառով է, որ համայնքային կյանքին չի մասնակցում: Հանդիպումից հետո նման միտք արտահայտեցին նաև որոշ երիտասարդներ, որոնք ասացին, որ ամենապայծառ և կիրթ երիտասարդությունը, այս անառողջ տարրերից խուսափելով, չի մասնակցում համայնքային կյանքին:

Այսպիսով, մեր ավանդական նախկինները գրանցեցին ևս մեկ մեծ բարոյական հաղթանակ՝ հերթական շոուն կազմակերպելով և առավոտյան տխմար վերնագրերով հոդվածներ տպագրելով: Սակայն իրականում ընդամենը ձեռք բերեցին հայ ազգի իրենց խորապես ատող և իրենցից զզվող մի նոր հավելյալ զանգված: Իրենց ավելի հոգեհարազատ լեզվով ասած: Хотели как лучше, а получилось как всегда!»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031