Լրահոս
Օրվա լրահոսը

2020 թվականին նրանով հիանում էին, աղոթում, հիմա ինչ-որ չոլի, երկու մետրի համար անհասկանալի մեղադրանք են բերել. Վահե Հովհաննիսյան

Մայիս 10,2023 21:45

«Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր-անդամ Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքն անիմաստ ու վաղեմության ժամկետն անցած է:

«Մեղադրյալի աթոռին մարդ է, որը այս պահին արժանապատվության ու չզիջելու, չպարտվելու եզակի սիմվոլներից է»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այսօր այս գործի քննությունը պետք է դիտարկել ոչ թե այն ձեւաչափով, թե ով է գործը քննող դատավորը, ինչ առնչություն ունի իշխանական շրջանակների հետ, այլ, թե որտեղ է ընթանում. «Այս դատը գնում է այսօրվա Հայաստանում, որտեղ խաղի կանոնները շատ այլասերված են, որտեղ կա մեկ հոգու իշխանություն, պետական բոլոր ինստիտուտները ծառայում են մեկ հոգու»:

Հովհաննիսյանը կրկնեց իր ավելի վաղ հայտնած միտքը, որ այս դատավարությունը պետք է վերածվի քաղաքացիական նոր շարժման՝ ի պաշտպանություն ազգային արժանապատվության. «Որովհետեւ, եթե ամեն ինչի դեպքում լռում ենք, ավելի այլանդակ տեսարանի ենք հանդիպում…էս երկրում ծայրից ծայր քրեական գործեր են, ծայրից ծայր անօրինականություններ են: Գրիգորի Խաչատուրովն այն մարդն էր, որ 2020 թվականին տավուշյան դեպքերի ժամանակ ամբողջ ազգով նրանով հիանում էին, իր համար աղոթում էին՝ մեր հերոսը, գեներալը, հիմա գեներալին բերել են ինչ-որ չոլի, երկու մետրի համար անհասկանալի մեղադրանքով»:

Վահե Հովհաննիսյանն այսօր նույնպես Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց էր՝ ի աջակցություն գեներալ Գրիգորի Խաչատուրովի:

Հիշեցնենք, որ դատարանում դռնփակ նիստով ընթանում էր գեներալի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի փետրվարի 7 նիստում քննարկվում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Ըստ ԱԱԾ-ի ձեռքբերած տվյալների՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ մասնավորապես, հողային օրենսգրքի խախտմամբ երկու զորամասերի՝ «Երասխ 1»-ի եւ «Երասխ 2»-ի տարածքները, որոնք ՊՆ-ի սեփականությունն են հանդիսացել, օտարվել են և անհամեմատ էժան գնով վաճառվել, իսկ X զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ ստացել գումար․ խեղաթյուրվել է նշյալ գույքի իրական պատկանելիությունը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031