Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն այսօր իր ֆեյսուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, թե արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ոստիկանությունը, ըստ նրա, Արևիկ համայնքի տարածքում՝ կամուրջի տակ, մեքենայի մեջ հայտնաբերել է երկու մերկ տղամարդու և թմրանյութեր։
Ըստ Կարապետ Պողոսյանի, տղամարդկանցից մեկը եղել է ՀՀ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, նա գտնվել է ծառայության մեջ, լքել է պոստը,մինչդեռ նրան վստահված է եղել պահպանել ռազմավարական նշանակության օբյեկտ` Կառնուտի ջրամբարը։
«Պատկերացրեք պատերազմական երկրում, երբ թուրք֊ազերիները վխտում են ամենուր, անտերության մատնված ջրամբարում մի նռնակ պայթեր, քանի հազար ախուրյանցի գիշերվա հազարին զոհ կգնար…»,-գրել է Կարապետ Պողոսյանը։
Կարդացեք նաև
Գյումրեցի ընդդիմադիր գործիչը դիմել էր ոստիկանությանը՝ խնդրելով հերքել լուրը։
Aravot.am-ի հետ զրույցում Կարապետ Պողոսյանն ասաց, որ ոստիկանությունից դեռ ոչ մի արձագանք, ավելի ճիշտ հերքում չի ստացել, թեև 4-5 ժամ է անցել իր գրառումից։
«Կառնուտի ջրամբարը ռազմավարական նշանակության կառույց է, և պատկերացրեք այն անձը, որը պիտի պահպաներ բոլորիս անվտանգությունը, ինչով է զբաղված։ Եթե այդ ընթացքում Աստված մի արասցե, թույն լցներ ջրամբարում կամ պայթեցներ, ո՞վ պիտի պատասխան տար։ Ոստիկանությունը մատնված է անտարբերության, բարձիթողի վիճակում է։
Վերջերս մենք միայն տհաճ անակնկալներ ենք տեսնում ոստիկանությունից։
Հիշում եք պարեկի կողմից բնակարանային գողության դեպքը, կամ Հրազդանում քաղաքացուն սպանելը, մինչև օրս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։
Ոստիկանությունը գործական ոչ մի քայլ չի կատարում իր թերացումները շտկելու համար, այնքան են լռում, մինչև հաջորդ՝ ավելի զարհուրելի արարքը տեղի ունենա։
Պատկերացրեք, եթե նման դեպք տեղի ունենար մինչ 2018 թվականը, ինչ մի աղմուկ կբարձրանար, քրեական գործ կհարուցվեր, հիմա հերթական վտանգավոր արարքն է տեղի ունենում, որ նախորդը մոռացվի»,- ասաց Կարապետ Պողոսյանը։
Մեզ այս թեմայի ոստիկանությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց, թեև մեր տեղեկություններով, նշանակված է ծառայողական քննություն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ