Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահագն Ալեքսանյանը թող ցույց տա օրդերը, որ Ռուզաննա Խաչատրյանը ձեռք բերեց այդ 98 հազար դոլարանոց պայուսակը․ ո՞ր քաղաքից, ե՞րբ, ո՞ր թվականին, այդ կլաչը նվիրում եմ նրա մորը»․ Ռուզաննա Խաչատրյան

Մայիս 10,2023 20:33

«Ո՞ր ունեցվածը, ո՞ր թաղամասը, տիկին ջան։ Ձեզ նորից ասում եմ, խնդրում եմ քաղաքական շոուներ մի կազմակերպեք։ Երբևէ Սեյրան Օհանյանը Վահագնի թաղամասի տվյալ բնակարանում չի բնակվել, չի բնակվում և չի բնակվելու»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Armlur.am-ի հարցին՝ հանրությանը հետաքրքրում է՝ պարոն Օհանյանը ո՞նց է կարողացել այդքան ունեցվածքի տեր դառնալ, այսպես արձագանքեց ՀՀ ՊՆ նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցավ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան  Օհանյանից, ըստ դատախազի ապօրինի ծագման գույքի բռնագանձման վերաբերյալ նիստը։

Ռուզաննա Խաչատրյանը դատարանի բակում վրդովվեց, թե քաղաքական նպատակներով են շահարկում Վահագնի թաղամասի տան հարցը՝ նշելով, թե այդ հասցեն պատկանում է Սեյրան Օհանյանին։ Ու շարունակեց․ «Ե′վ ես, և′ Սեյրան Մուշեղովիչն ասել ենք, որ դա մեզ չի պատկանում։ Ասել են, ոչ, դա ձերն է։ Ասել ենք՝ եկեք հիմա գնանք մեր տուն, մեծ հաճույքով ձեզ բոլորիդ՝ այդ թվում դատախազության ներկայացուցիչներին հրավիրում եմ, գնանք մեր տուն, սուրճ խմելու, հաց ուտելու, և տեսեք՝ մենք այդ հասցեում բնակվո՞ւմ ենք, թե՝ ոչ»։

Հարցին՝ երբեք էլ չե՞ք բնակվել, նա պատասխանեց․ «Երբեք, այդ հասցեն անմարդաբնակ է։ Այդ շենքը կառուցել է Ժակ Ֆովոն, տեխնիկական բաներ կան, որովհետև իմ քույրիկի աղջիկն է երևում։ Կարծում եմ՝ սկզբում ենթադրել են, բայց երբ պարզաբանում են պահանջել, ինչո՞ւ չի հարգվել մեծարգո Սեյրան Օհանյանի խոսքը, նրա տիկնոջ խոսքը։ Մենք այդտեղ չենք ապրում, ինչպե՞ս կարելի է մանիպուլացնել, հերյուրանքներ տարածել»։

Հարցին՝ դուք պետությանը որևէ բան չունե՞ք տալու, Սեյրան Օհանյանի կինը պատասխանեց․ «Երբևիցե»։ Հստակեցմանը՝ ձեր ունեցվածքն օրինական ճանապարհո՞վ եք ձեռք բերել, Ռուզաննա Խաչատրյանը պատասխանեց․ «Ես ունեմ իմ անունով գրանցված ջիփ մեքենա։ Ես պաշտոնյանի կին լինելուց առաջ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանն եմ, կրթություն եմ ստացել ՀՀ-ում, իմ ընտանիքում երեք բժիշկ ենք դաստիարակվել, իմ կրթությունը շարունակել եմ Ֆրանսիայում, ատամնաբույժ եմ, գիտական աստիճան են ստացել, ես ունեմ փաստաթղթեր, որով երևում է իմ և մորս  ունեցվածքը, իմ քույրիկը մեծ հնարավորություններ ունի արտերկրում։ Ուրեմն դա Սեյրան Օհանյանի՞նն է»։

Լրագրողները հիշեցրին Դրախտիկը, նա արձագանքեց․ «Սևանա լճի շուրջ առաջացած այդ մանիպուլյացիաները թող պարզեն՝ որը որից հետո է։ Դա իմը չէ»։

Հստակեցմանը՝ փաստորեն՝ որևէ բան ձերը չէ, բայց վերագրում են ձե՞զ, Ռուզանն Խաչատրյանն արձագանքեց․ «Խորհրդային միության փլուզումից հետո խորհրդային բոլոր պետությունները հայտնվեցին յուրահատուկ իրավիճակում՝ այդ թվում ՀՀ-ն, ՌԴ-ն։ Ամեն տեսակի հարաբերություններ առաջացել են․ մարդիկ ինչ-որ բաներ ձեռք են բերել, վաճառել են։ Այսօր միայն քաղաքական նպատակներով ԱԺ ամբիոնը նվաճած Վահագն Ալեքսանյան անունով մի անձնավորություն, որի կենսագրությունը երկար ուսումնասիրեցի, տեսա՝ ծնվել է 1994-ին՝ Իջևանում։ Այլևս որևէ ակնհայտ կարևոր թիվ, առաքելություն չունի։ Սույն պարոնը հայտարարում է, որ ես ունեմ 98 հազար դոլարանոց կլաչ։ Այդ՝ մոդայից հասկացող երիտասարդը գիտի՞ կլաչն ինչ է։ Կլաչը փոքրիկ պայուսակ է, բայց ցույց են տալիս մի պայուսակ, որը բավականին մեծ է։ ԱԺ ամբիոնն իր բամբասանքների ակունք օգտագործած պարոն Ալեքսանյանը ասում է, որ Սեյրան Օհանյանի կինը 98 հազար դոլարանոց պայուսակ ունի։

Ենթադրելի է, որ դա ես ձեռք բերեցի Սեյրանի Օհանյանի՝ պաշտոնավարման ժամանակահատվածում՝ 2008-2016 թվականին։ Դուք բոլորդ էլ ճամփորդել եք, կարո՞ղ եք այդքան գումար առձեռն ձեզ հետ տանել։ Ավելին ասեմ՝ նման թանկ պայուսակները համարակալված են։ Ի՞նչ տեղեկությունների է տիրապետում Ալեքսանյանը՝ ո՞ր քաղաքից, ե՞րբ, որ թվականին և այդ օրդերը ցույց թող տա, որ Ռուզաննա Խաչատրյանը ձեռք բերեց այդ պայուսակը։ Ինքը նման է Հերմեսին, կաշվից պայուսակ է, չեմ կարծում՝ անգամ էդքան հազար դրամ արժե։ Էդ պայուսակը տալիս եմ ձեզ, տանում եք մասնագետների մոտ և ճշտում եք դրա արժեքը։ Եվ նվիրում եմ Վահագն Ալեքսանյանի մորը, որ նման տղա է դաստիարակել»։

Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի կողմից՝ գույքի սեփականատեր Ժակ Ֆովոյի անունը հնչեցնելուն, Ռուզաննա Խաչատրյանն ասաց․ «Նա դիվանագետ է, հարգելի մարդ։ Հիմա մենք ի՞նչ անեինք, մենք փորձել ենք շատ հեռու մնալ և այդ նյութը չհասցնել պարոն Ֆովոյին և մտածել ենք, որ պետք չէ։ Իրենք օգտագործել են այդ փաստը, որ մենք ճանաչում ենք այդ մարդուն։ Ես Ֆրանսիայի դեսպանատան բժիշկն եմ եղել երկար տարիներ, բացի Ժակ Ֆովոյից, շատ դեսպանների, աշխատակիցների եմ ճանաչում։ Բայց «փոխկապակցված» բառն այլ իրավական տերմին է, և չեն կարող օգտագործել։ Նրանք ենթադրել են, որ դա ֆիկտիվ անուն է, և այդ մարդը գոյություն չունի։ Արդեն այլ հանգամանքներ առաջացան, և այդ մարդը պատիվ կպահանջի, ի վերջո ինչքա՞ն կարելի է այդ գույքը ցուցադրել»։

Լրագրողները կրկին հարցրին՝ պետությանը վերադարձնելու ոչինչ չունե՞ն, ինքը չունի՞ 98 հազար դոլարանով կլաչ, Ռուզաննա Խաչատրյանը պատասխանեց․ «Չունեմ, սիրելիս։ Եկեք մեր տուն, եկեք ցույց տամ։ Դուք ժամանակակից մարդ եք, տամ, տարեք գնահատեք խնդրո առարկան։ Սեյրան Օհանյանը՝ նման ճանապարհ անցած մարդը, հավատո՞ւմ եք՝ ինքը սկի չգիտի՝ ինչ է։ Ոչ մի բան չունենք վերադարձնելու։ Կլաչս տալիս եմ Վահագն Ալեքսանյանին։ Չի կարելի ԱԺ ամբիոնը օգտագործել նման ցածր կարգի խոսակցություն, կիսաբաց լուսամուտների վերածել։ Ոչ մեկ էլ չի հավատում։ Դուք հավատո՞ւմ եք, այդ ի՞նչ գումարներ մենք ունենք, որ ես նման պայուսակներ գնեմ։ Ես իրենից հաշիվ պիտի պահանջեն»։

Ռուզաննա Խաչատրյանը վստահեցրեց․ «Սեյրան Օհանյանը հանցագործ չէ, ոչ Սեյրան Օհանյանը, ոչ նրա ընտանիքի որևէ անդամ չի մտնելու այդ դերի մեջ։ Մենք ինչքան կարող ենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ կպաշտպանվենք»։ Այնուհետև դիմելով լրագրողներին՝ ասաց․ «Ես հրավիրում եմ՝ ընկերուհիներով, ժուռնալիստներով եկեք ինձ հյուր, ամբողջ օրը գնանք, անցկացնենք այդ թաղամասում, հարցրեք՝ մենք ընդհանրապես այնտեղ ապրե՞լ ենք»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031