Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի միջոցով ժողովուրդն ամենադժվար պահերին համախմբվել է. Dialog Project ջազ բենդը համերգով աջակցեց ստորագրահավաքին

Մայիս 10,2023 20:11

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը, Արցախի ողջ բնակչության անունից, հանրային change.org հարթակում պահանջագիր էր հրապարակել՝ պահանջելով վերացնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը: Տեղեկացրել էինք, որ շարժմանը եւ պահանջագրին արդեն միացել են ներկա եւ նախկին պաշտոնյաներ եւ շարժումը համաժողովրդական  ու համախմբող բնույթ է ստացել:

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը նաեւ նամակներ էր ուղարկել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր», «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին եւ բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով միանալ  հարթակում՝ հրապարակված պահանջագրին:

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն օրերս հայկական պարի բաց դաս էր անցկացրել Երևանի Բաղրամյան 6 հասցեում, որտեղ  իրականացվում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը»  պահանջագրի ստորագրահավաքը: Երևանում տեղակայված  այլ կետերում եւս՝ Սարյան 26 և Խորենացի 47/7 հասցեներում մեր հայրենակիցները շարունակում են միանալ ստորագրահավաքին:

Այն շարունակվում է նաև Արցախում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում, ինչպես նաև առցանց՝ change.org  հարթակում  : «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնող խումբը Արցախը Հայաստանին կապող ճանապարհին  նաեւ վրանային պայքարի խաղաղ ձեւաչափ է ընտրել. Երիտասարդներն ասում են, որ մայր Հայաստանում բազմաթիվ աջակիցներ ունենալն իրենց թեւեր է տալիս:

Արցախահայության անունից հրապարակված պահանջագիրը միջազգային հանրությանը կոչ է անում հրատապ և գործնական քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և  2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումն ապահովելու ուղղությամբ:

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժմանը միացել է նաեւ «Մենք ենք, մեր սարերը» տարածքային գործակալության մարդկային կապիտալի կրթական նախաձեռնությունների եւ զարգացման գծով ղեկավար Սոնա Հովհաննիսյանը: Նրա խոսքով, այսօր հատնի մարդիկ համարվում են կարծիքի առաջնորդներ, որոնց հետեւում է երիտասարդությունը, հետեւաբար հայտնի լինելը ոչ միայն  առավելություն է, այլեւ պատասխանատվություն: Նա կոչ է արել մշակույթի գործիչներին, ինֆլյուենսերներին միանալ Արցախի երիտասարդության արդար պահանջին: «Նվազագույնը, որ կարող ենք անել, դա գոնե ստորագրահավաքին միանալն է»,-ընդգծել է նա:

Երաժիշտ, շեփորահար  Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանը լրագրողների հետ զրույցում նախ ներկայացրեց իրենց Dialog Project ջազ բենդը, որը ելույթ ունեցավ մայիսի 10-ին՝ Բաղրամյան 6 հասցեում: Համերգի նպատակն էր աջակցել «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ստորագրահավաքին: Հնչեցին ինչպես հեղինակային ստեղծագործություններ, այնպես էլ հայկական ժողովրդական երգեր՝ նոր գործիքավորմամբ:

«Ես շատ լավ գիտեմ պատմություն, տեղյակ եմ, որ մեր պատմության ընթացքում ուժով եւ ամեն ինչով մեր ազգը հաջողությունների է հասել, սակայն  ամենակարեւոր զենքը մշակույթն ու արվեստն են, որի միջոցով ժողովուրդը ամենադժվար պահերին համախմբվել է: Դա այսօր եւս շատ կարեւոր է մեզ համար: Այժմ եւս երաժիշտները պետք է ներգրաված լինեն այս ամենի մեջ, որովհետեւ իրենցից յուրաքանչյուրն ունի լսարան: Ցավոք, ոմանք այսօր զլանում են անգամ հեռախոսով որեւէ կոճակ սեղմել: Չգիտեմ, ինչքանով է արդյունավետ լինելու ստորագրահավաքը, բայց գոնե համախմբման էֆեկտ եղավ»,-ասաց  Տիգրան Սուչյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031