Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն այսօր դատական նիստից առաջ Factor.am-ի եւ Հանրային հեռուստաընկերության Լուրերի լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չի եղել, թե Վլադիմիր Գասպարյանի դուստրը ոստիկանության զորքերում աշխատանքի չի գնացել։
«Ասում են՝ զորքերում է աշխատել, ես էլ տեղյակ եմ, որ զորքերում է աշխատել, բայց ես տեղյակ չեմ եղել, որ ինքը գործի չի եկել»,-ասաց Երանոսյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է Գասպարյանի դստերը` Յուլյա Գասպարյանին փոխգնդապետի կոչում շնորհվել, Երանոսյանը պատասխանեց․ «Դե եթե մարդիկ ծառայում են, գալիս է ժամանակը կոչում պիտի ստանան»։
Այլ հարցերի նա չպատասխանեց, ասաց՝ դատարանը կորոշի, հետո զայրույթով արձագանքեց․«Երկիր ենք վարի տալիս, գնացեք երկրով զբաղվեք, Երանոսյանին դատում են, որ ոստիկանապետի աղջիկը գործի չի՞ եկել»։
Կարդացեք նաև
Յուլյա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել 9 միլիոն դրամ վատնմանն օժանդակելու հոդվածով։
Ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Յուլյա Գասպարյանը միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ