Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան․ «Տերն ինձ սիրում է, ես էլ Տիրոջն եմ սիրում․ ես դեռ շատ-շատերին կհուղարկավորեմ»

Մայիս 10,2023 19:00

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր դեմ հարուցած քրեական գործում դստերն առնչվող դրվագին, ըստ որի նրա փոխգնդապետ դուստրը ձեւակերպված է եղել ոստիկանությունում, բայց աշխատանքի չի գնացել։

Գասպարյանն ասաց, որ իր դուստրը իրավաբանականն ավարտել է գերազանցությամբ․«Ժամանակին, դա իմ սխալն է եղել, դատավոր դառնալու համար ստաժ էր պետք, փեսաս ասաց՝ էդտեղ, որ դատավոր վաղը դառնա, ավարտել է, դիպլոմ ունի, դնենք մի տեղ աշխատի, կգնա-կգա, որ ստաժ լինի, զբաղվեք… Ես չեմ ողջունել, որովհետեւ չորս երեխա է ունեցել, ես միշտ մտածել եմ, որ դեկրետ-մեկրետ, չեմ էլ հետաքրքրվել։ Ամեն հինգշաբթի երկու հարյուրից ավելի հրաման եմ ստորագրել, մեխանիկորեն։ Ես իմացել եմ, որ աղջիկս փոխգնդապետ է, աշխատում է, բայց ես չեմ իմացել, որ նա ռեժիմով բացակայում է։ Մտածել եմ՝ չորս երեխա ունի, անընդհատ ծնվել են, դեկրետներ, բան-ման»:

Գասպարյանը դստեր կոչումի մասին էլ ասաց՝ կոչումով ոչ մի դրամ չի ավելանում։

Ապա անդրադառնալով մյուս դստեր պրոդյուսերին տուն նվիրելուն, ասաց․ «Պրոդյուսեր հասկացություն չկա։ Էդ կինը ոստիկանության մշակույթի կենտրոնի աշխատակից է, ամուսինը տնօրենն էր։ Հետո ոնց է եղել, դատական պրոցեսում կիմանաք։ Յոթ տարի աշխատել են, երգեր, կլիպներ, ամեն միկ երգը, կլիպը մեծ գումար է։ Ամուսինը վաստակավոր մարդ էր, պատերազմի մասնակից էր, ես իրան էդտեղից եմ ճանաչել։ Տաղանդավոր մարդ էր։ Զինվորական պաշտոնի էինք նշանակել, որպեսզի բնակարանի հարց լուծեինք»:

Ապա Գասպարյանը հեռախոսով ցույց տվեց պրոդյուսերին «նվիրած» տան լուսանկարը, ասաց՝ 40 քառակուսի մետր է․ «Անկեղծ ասած՝ ես ամաչում եմ, որ էդ ընտանիքին, որ վարձով էին ապրում, այ սենց իմ տիպաժին չսազող տուն հատկացնել։ Բայց ստիպված եմ եղել, որովհետեւ երկար տարիներ ոստիկանությունում ոչ մեկ բնակարան չի ստացել։ Երբ եկա ոստիկանության պետ, նախագահին ասացի, որ երկար տարիներ սոցիալական խնդիրները ոստիկանությունում չի լուծվում։ 30 տարի ծառայում են, էլի գնում են սոված նստում տունը։

Սկսեցի էկոնոմիա անել բոլոր տեղերում, հավաքել գումարներ, չեմ հիշում՝ 50, 70, թե 100 բնակարան ենք տվել։ Բնակարանով ես անձամբ չեմ զբաղվել։ Դուք պատկերացնո՞ւմ եք, ոնց են քրքրել, կոռուպցիոն․․․ որ մի բան գտնեն էդտեղ։ Իրանք իրենց բերանով են ասել՝ պարոն Գասպարյան, տենց բան մենք չենք գտել։ Չէին կարող գտնել»։

Գասպարյանն ասաց, որ որոշակի չափանիշներով են բնակարաններ տվել․ «Նույնիսկ ասել եմ՝ թոշակառուներից հանեք, էն մարդիկ, որ իմանա թոշակի գնալուց հետո էլ մենք էլի տեր ենք կանգնում մեր աշխատակցին էն մարդիկ, որոնք մեղք են, խեղճ են, չունեն, մի երեք-չորս հոգու երեւի տենց․․․ էդ բնակարանից տվել եմ Օսիպյանին էլ։ Ինքն էլ չի իմացել, որ ես իրեն տուն եմ տվել, հանձնաժողովով եմ անցկացրել էլի»։

Ինչ վերաբերում է քրեական գործում կնոջը վերաբերող դրվագին, Գասպարյանն ասաց. «Իմ կինը աշխատել է, գլուխները պատին են տվել նրանք, ովքեր ասում են, թե կինս չի աշխատել, սրիկա են այն մարդիկ, որոնք ասում են՝ չի աշխատել: Նա աշխատել է իմ հետ: Քարերը հավաքելու ժամանակ կա, ամեն ինչի համար պատասխան են տալու: Ոչինչ ես աբարոտկա կխլեմ»:

Անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի եւ Լեւոն Սարգսյանի մեղադրանքի դրվագին, ըստ որի երեք ծառայող գրանցված լինելով ռազմական ոստիկանությունում, ապահովել են նրանց անվտանգությունը, Գասպարյանն ասաց․«Թող ծիծաղելի չթվա, ես դրա մասին իմացել եմ շատ-շատ ուշ: Ոչ մի բան թաքուն չի մնում: Ես չեմ կարող վերահսկել, թե ինչ վարորդ ընդունվեց, ազատվեց աշխատանքից։ Ազատվել եմ, հետո եմ իմացել, որ 2 հոգի վարորդ են եղել: Այդ ծառայությունը սպասարկել են իմ տեղակալները»: Նա ասաց, որ այդ մասին իմացել է 2018 թվականի դեկտեմբերին․ «Իսկ դա 2001-2003 թվերից է։ Ամենաշատն ինձ վիրավորել է էդ մեղադրանքում, որ գրել են, թե արել եմ դուր գալու համար։ Ինձ երկրիս նախագահն էլ՝ պարոն Սարգսյանը, բոլորն էլ գիտեն, որ էդ ձեւ բան իմ մոտ չի կարող անցնել։ Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լեւոն Սարգսյանը չէին կարող գալ իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել, վարորդ նշանակեն։ Հետո իմացել եմ, որ իրենք էլ էդ գումարը վճարել են արդեն։ Ես ընդունեցի, պահեցի, ինձանից հետո ռազմականի պետ է փոխվել, ամեն մեկն էլ գեներալ է ստացել, լավ, ես փնթի էի, չտիրապետեցի իրավիճակին, բա չէի՞ն ասում՝ խի էր սենց»:

Թե ինչու է հիմա ինքը այդ ամենի համար պատասխան տալիս, Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում․ «Ես գիտեմ՝ ինչու եմ այս առողջական վիճակին հասել, ներել եմ այն մարդկանց, որոնց չարժեր ներել: Ես ազատվելուց հետո եմ հասկացել ներելու սահմանը, որից հետո դա մեղքի է վերածվում: Քրիստոնյա մարդ եմ, մտածել եմ՝ մարդը կարող է փոխվել, մարդուն պետք է ներել։ Մի քիչ միամիտ եմ եղել, շատ եմ ներել, շատ սրիկաներ չեն փոխվել, իսկ հիմա հասկացել եմ, երբ ներում ես երկար ժամանակ, ու սրիկային շատ ուշադիր չես լինում, դրանից հետո քո արած գործերը վերածվում են մեղքի։ Սա իմ մեղքն է, եւ ես պատիժս կրում եմ։ Սա չի պատիժս (նկատի ունի դատական գործընթացը, Ն․Բ․), մեղքը առողջական վիճակիս քայքայումն է, բայց Տերն ինձ սիրում է, ես էլ Տիրոջն եմ սիրում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր իմ հիվանդությունն ունենային, հիմա կամ բույս էին դարձել կամ էլ հուղարկավորված կլինեի, ես ոչ բույս եմ, ոչ էլ կհուղարկավորվեմ, ես դեռ շատ-շատերի կհուղարկավորեմ»:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի՝  Վլադիմիր Գասպարյանի եւ Լեւոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի եւ պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031