«Քանի տարի է՝ էդ գովազդս գնում է՝ իբր խաբել ենք, ինչ-որ գործարքներ ենք արել, մի քանի միլիոնանոց տունն իբր 300 հազարով վերցրել ենք։ Ի դեպ, սիրուն է, չէ՞, տունս, ճաշակով է, ես միշտ որտեղ աշխատել եմ, ամեն ինչ ճաշակով եմ սարքել, МВД-ն էլ, ռազմականն էլ»,-այսօր այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին եւ թե ինչպես է միլիոնավոր դոլարներ արժեցող գույք ձեռք բերել՝ լինելով պետական աշխատող։
Հիշեցնենք, ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Գասպարյանի եւ Լեւոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքերի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:
Գասպարյանի խոսքով․ «Դատավորը՝ Արթուր Մկրտչյանը, Աղասի Դանիելյանի գործընկերն էր, որոնք պաշտպանության նախարարությունում տենդերներ են շահել, երեւի մինչեւ հիմա շահում են։ Արթուր Մկրտչյանը ռազմական ոստիկանության հետաքննիչ է եղել, երբ ես Խորխոռունուց հետո նշանակվել եմ, իրեն ազատել եմ աշխատանքից։ Վերջերս եմ հիշել։ Հանել եմ աշխատանքից՝ վատ աշխատելու, վատ պահելու ու քիթն ամեն տեղ մտցնելու համար։ Հետո սա գնում է կադաստր, պարզվում է, որ սա դատավոր է։ Բանից պարզվում է, որ տան գործը գտնվում է իր վարույթում: Դատը լինում է, Աղասի Դանիելյանը իբր հաղթում է։ Բողոքարկում ենք, Վերաքննիչ դատարանը բեկանում է, ու անմիջապես Արթուր Մկրտչյանը գնում է թոշակի չգիտեմ՝ ինչու։ Ու ինձ ասում են՝ սա ով է։ Բողոքարկում են Վճռաբեկ ու գտնում են, որ ճիշտը ես եմ։ Սա էդ տան գործարքի մասին։ Այս տունը ինձ հարազատ մարդկանցից մեկն է ժամանակին գնել իր տղաների, ընտանիքի համար, ոչ թե ինձ համար: Երբ տղաներն ասել են՝ հայր, մենք այնուամենայնիվ մնալու ենք արտասահմանում, չենք վերադառնալու, նենց որ լավ կլինի քավորով զբաղվեք դուք, իմ ծրագրերում այս տունը երբեք չի լինելու։ Այդպես նվիրել են ինձ»։
Թե ինչի դիմաց են այդ տունը նվիրել, Գասպարյանն ասաց՝ ես նրանց բոլորի քավորն եմ, կնոջ, երեխաների, այդ ընտանիքի․ «Երբ ժամանակին այդ մարդը Ռուսաստանում իր բիզնեսն էր դնում, ես, իմ կապերի շնորհիվ, չեմ թողել, որ ամեն տեսակ կրիմինալ նեղություն տա էդ մարդուն»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ