Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի վերլուծաբան. «Քըլըչդարօղլուն Զանգեզուրի հարցում աջակցում է Իրանին»

Մայիս 10,2023 17:48

Ermenihaber. Թուրքական «Gazetepusula.net» լրատվամիջոցի վերլուծաբան Քենան Բիլիզն անդրադարձել է Քեմալ Քըլըչդարօղլուի ներկայացրած «Մետաքսի ճանապարհի» ծրագրին:

Քըլըչդարօղլուն քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդն է ու այժմ ընդդիմադիր դաշինքի կողմից առաջադրված է իբրև նախագահի միասնական թեկնածու մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրություններում։

Բիլիզը նախկինում եղել է Էրզրումի նահանգի Յակուտիյեի շրջանի ՏԻՄ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը: Պարբերականում թուրքատառ ադրբեջաներեն հրապարակման մեջ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Քըլըչդարօղլուի վերոնշյալ ճանապարհի քարտեզի գծագրման մեջ Ադրբեջանը չի եղել և այդ իսկ պատճառով այն որակել է «անհարգալից» քարտեզ:

Հոդվածի հեղինակը ներկայացրել է նաև Ադրբեջանում Քըլըչդարօղլուի խոսքերի ստացած արձագանքը:

Մասնավորապես ադրբեջանական «Musavat» թերթի հոդվածագիր Այգյուն Մուրաթհանլըն «Քըլըչդարօղլուն ինչո՞ւ չի սիրում Ադրբեջանը» հրապարակման մեջ քննադատել է  թուրք ընդդիմադիր կուսակցապետին` նշելով, որ 75 տարվա կյանք ունեցող Մետաքսի ճանապարհի անվան տակ նա ի ցույց է դրել իր վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ.

«Ադրբեջան չկա, Բաքու չկա: Թուրանի ճանապարհը, որտեղ Ադրբեջան չկա, դավաճանություն է թուրքական աշխարհի հանդեպ»,- ընդգծել է Մուրաթհանլըն:

Ապա փորձելով բացատրել Քըլըչդարօղլուի քայլերը՝ ադրբեջանցի հոդվածագիրը գրել է. «32 տարի Իրանը գործում է թուրքական և մուսուլմանական աշխարհներին, ինչպես նաև Ադրբեջանին թուլացնելու համար: Իրանը Հայաստանին ամեն կերպ աջակցում է, ադրբեջանական բանակի դեմ նրանք միասին են պատերազմում: Այսպիսով Քըլըչդարօղլուն մեկն է Իրանից, որն ընկել է երազանքների գիրկը և գծում է Թուրանի ճանապարհը»:

Ըստ Մուրաթհանլըի՝ թուրք քաղաքական գործիչը Թուրանի նման քարտեզ ցույց տալով բացահայտ ասել է, որ նախագահ դառնալու դեպքում աջակցելու է Իրանին Զանգեզուրի  հարցում:

Իսկ հոդվածի վերջում վերլուծաբանը վստահություն է հայտնել առ այն, որ մայիսի 14-ին «ԺՀԿ» առաջնորդին թուրք ազգը կտապալի՝ ազգին որակելով «Թուրանի պահապաններ»:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Թուրքիայի ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն  «Ո՛չ Արևմուտքի, ո՛չ Արևելքի, սա թյուրքի ճանապարհն է» վերնագրով  Twitter-ում հրապարակած տեսանյութում հայտնել էր, որ ընտրվելու դեպքում կյանքի է կոչելու Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծ, որով պետք է ակտիվացվի Մետաքսի ճանապարհը։

Ծրագրի համաձայն ճանապարհը չի անցնելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» և շրջանցելու է Ադրբեջանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031