ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում՝ հատակի, աստիճանների մարմարներում և մարմարացված կրաքարերում, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը հայտնաբերել է հնագույն կենդանիների և բույսերի հետքեր։
«Այդ ապարները՝ մարմարները, ըստ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի պալեոնտոլոգիայի և շերտագրության բաժնի վարիչ Արայիկ Գրիգորյանի, Պալեոզոյան դարաշրջանի են, իսկ մարմարացված կրաքարերը՝ ուշ մեզոզոյան: Դրանք ունեն օվկիանոսային ծագում, հատակային նստվածքների քարացուկներ են։ Դրանցում պահպանվում են բրածո օրգանիզմների հետքեր, որոնք մահացել են, ընկել ծովի կամ օվկիանոսի հատակը, ժամանակի ընթացքում տվյալ նստվածքի հետ քարացել են և դարձել մի ընդհանրություն։ Այնուհետև, միլիոնավոր տարիների ընթացքում, դարձել են ապարներ, և կենդանու կամ բույսի հետքը մնացել է ապարի մեջ, որն էլ կտրելիս և հղկելիս, հայտնվում է սալիկի մակերեսին», – ասաց Իվան Գաբրիելյանը։
ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի առաջին հարկի հատակը և աստիճանները երեսպատված են Խոր Վիրապի մարմարի պալեոզոյան դարաշրջանի Քարածխի (359-350 միլիոն տարի առաջ) հասակի տեղավայրերից արդյունահանված սև գույնի սալիկներով: Երկրորդ հարկի հատակը երեսպատված է Իջևանի մարմարացված կրաքարերով, որոնք առաջացել են Մեզոթետիս օվկիանոսի Մեզոզոյան դարաշրջանի կավճի հասակի (մոտ 80 մլն տարի առաջ) հատակային կրաքարերից:
Կարդացեք նաև
«Երկրորդ հարկի հատակի մարմարացված կրաքարե սալիկներում պարունակվում են բելեմնիտների, ծովոզնիների, ծովաստղերի, երկփեղկանի ու փորոտանի փափկամարմինների, ծովաշուշանների և այլ օրգանիզմների դրոշմներ և քարացուկներ,- ասաց Իվան Գաբրիելյանը,- փորձելու ենք պարզել, թե ինչ մակերևույթ և կլիմայական պայմաններ են եղել այդ ժամանակ այս տարածքում, և օրգանիզմներն իրենց զարգացվածության որ մակարդակի վրա են եղել»։
Նա նշեց, որ այսօր հնէակենդանաբանությունը կարող է կլիմայի փոփոխության վերաբերյալ շատ հարցերի պատասխանել։
«Հնէակենդանաբանությունը հավերժական ուղղություն է, ինչքան հետազոտենք, այդքան շատ բան կգտնենք։ Այն, ինչ գտնում ենք ընդերքում, պետք է պահպանել և հետազոտել», – ասաց Իվան Գաբրիելյանը։
Այս հետազոտության գաղափարը ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանինն է:
Լուսանկարներն արվել են Մոնիկա Երիցյանի, Վիկտորյա Բուռնազյանի, Արայիկ Գրիգորյանի և Իվան Գաբրիելյանի կողմից:
Հետազոտական աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կ.գ.դ. Իվան Գաբրիելյանի կողմից:
Աշխատանքների գիտական խորհրդատուն է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հնէաբանության և շերտագրության բաժնի վարիչ, ե-հ.գ.թ. Արայիկ Գրիգորյանը:
Գլխավոր լուսանկարում՝ Խոր Վիրապի տեղավայրի Չորսճառագայթանի միայնակ կորալ
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին