Լրահոս
Օրվա լրահոսը

Արձաններ տեղադրելուց ավելի կարևոր է վրեժի ու ոգեկոչման զանգվածային երթերի կազմակերպումը

Մայիս 10,2023 17:24

Հինգ ամսից ավելի է, ինչ Արցախը գտնվում է թշնամու գերության մեջ: Այնինչ Լեռնային Ղարաբաղը հայ ժողովրդի հերոսական այն հատվածն է, որը դարերի ընթացքում պայքարելով օտար զավթիչների դեմ՝ ուժ է գտել իր մեջ պայքարելու, վերականգնելու ավերված եկեղեցիներն ու ամրոցները՝ ետ շպրտելով թշնամիներին: Վերջերս մեր պատմաբաններից մեկը հայտնաբերեց, որ պարսկական աղբյուրներում Ղարաբաղ բառը ստուգաբանվում է որպես «մեծ սրբավայր»: Այսինքն՝ իրականում այն աշխարհում ապրող միլիոնավոր հայերի սրբավայրն է: Եվ ինչքան էլ մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական մարտահրավերների թեժ կիզակետում, պիտի ազգովի հասկանանք, որ հրաժարվելով Արցախից, հավիտյան կկորցնենք Աստծո օրհնությունն ու աջակցությունը: Հետևաբար, Մայր Հայաստանի գոյատևության հարցը ուղիղ կապ ունի Արցախի հետ:

Ժաննա Հակոբյան

2020թ. 44-օրյա պատերազմից հետո մենք պարտվեցինք, կորցնելով Արցախի ազատագրված տարածքների 75 տոկոսը: Թեև մեզնից յուրաքանչյուրը աներկբա հասկանում է, որ դա իշխանությունների ռազմա-քաղաքական պարտությունն էր, քանի որ մեր զինվորները քաջաբար մարտնչում էին հայրենի հողը պաշտպանելու համար: Մեր շարքերում գտնվող դավաճանների միջոցով թշնամիները հասան իրենց նպատակին: Եվ «Նեմեսիս»-ի վրիժառության արձանը մեր օրերում իսկապես արդիական շունչ կունենար, եթե տեղադրված լիներ ոչ թե հիմա, այլ պատերազմի պարտությունից հետո ու այդ դավաճանները պատժված լինեին: Այնինչ մեր երկրում գործում են տարբեր գործակալական ցանցեր, որոնք ներսից քանդում են Հայաստանի ինքնիշխանությունը: Եվ պարտվելու, հողեր զիջելու քաղաքականությունը շարունակվում է առայսօր:

Հայատյաց Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի վճիռը ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը ոչ միայն չի վերականգնում, այլև այնտեղ դրել է անցակետ: Ուստի արձաններ տեղադրելուց ավելի կարևոր է վրեժի ու ոգեկոչման զանգվածային երթերի կազմակերպումը ողջ Հայաստանում՝ իշխանություններից պահանջելով չհանձնել Արցախը, որ չարժանանա Նախիջևանի ճակատագրին:

Պատանդի կարգավիճակում հայտնված 120.000 արցախցիներին ովքե՞ր պիտի օգնեն: Չէ՞ որ Ադրբեջանը միայն ուժի լեզուն է հասկանում և պատերազմից հետո Շուշիում և Ակնայում կառուցելով հսկայական բանտեր, նպատակ ունի Արցախն իրեն ենթարկեցնելով՝ տղամարդկանց դատել որպես ռազմական հանցագործների:

Ե՞րբ պիտի հասկանանք, որ Արցախն աշխարհի համայն հայության ճակատագիրն է: Մոռանալով հայ ժողովրդի պատմության դասերը, գուցե հիշեք Ե. Չարենցի խոսքերը. «Ադանայի հայերին մորթազերծ էին անում, բայց Պոլսի հայերը դեռ շարունակում էին սրճարաններում վայելել իրենց սուրճը»: Մեկ դար առաջ էլ Հայաստանի բոլշևիկյան կառավարությունը պատրաստ էր Զանգեզուրը հանձնել Ադրբեջանին և միայն Գարեգին Նժդեհի պայքարի շնորհիվ այն չհանձնվեց: Այնպես որ Արցախը կորցնելուց հետո այս անգամ հերթը կհասնի Զանգեզուրին, Վարդենիսին, Տաուշին, Արարատին…

Եվ զոհի կարգավիճակում մնալը պարզապես ամոթալի է մեզ համար: Մի՞թե Նժդեհի ոգով սերունդներ չեն կրթվել ու դաստիարակվել: Ո՞ւր են նրանք… Թե՞ վերջերս հնչեցված հայրենասիրության «նոր մոդելով» հերոսների սխրանքները չպիտի հիշվեն ու տարածվեն: Բայց հիշեցնեմ, որ հայրենիքի համար անձնազոհության ու նվիրվածության գաղափարը բոլոր ժամանակներում անփոփոխ է մնացել: Եվ չեմ կարծում, որ հայ ժողովրդի երազանքը ստրկական վիճակում մնալն է, հպատակվելը օտարներին:

Մեր երկրի անվտանգությունը մենք պիտի ապահովենք: Այս օրհասական ժամանակներում բոլորս միասին պիտի համախմբվենք, եթե չենք ուզում, որ մեր հայրենիքը վերածվի գաղութի, մանավանդ որ դաշնակիցներ չունենք: Ռուսաստանը Հայաստանում ունենալով բազմաթիվ ենթակառույցներ, նաև զինված ուժեր, բացահայտ պաշտպանում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը: Հենց նրա անմիջական աջակցությամբ թուրքերը զավթեցին պատմական մեր տարածքները ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի որոշ մասերում: Նույն Լաչինի միջանցքի վրա ադրբեջանական անցակետի տեղադրման փաստը վկայում է, որ Ռուսաստանը և նրա բանակը չեն կարող լինել անվտանգության երաշխավոր:

Եթե ուզում ենք անկախ պետություն ունենալ, անհրաժեշտ է պայքարել, ոչ թե Ադրբեջանի հետ խաղաղության գնալ մեր պետականության ոչնչացման հաշվին, թույլ տալ, որ ավերվի մեր մշակութային ժառանգությունը Արցախի օկուպացված տարածքներում: Ուստի մեր գերխնդիրը պիտի լինի բանակի հզորացումը, որպեսզի անպայման ազատագրվի Արցախը: Մենք չպետք է երբեք մոռանանք ձեռք բերած մեր հաղթանակները և հավատացած լինենք, որ Շուշին՝ հայության միջնաբերդը, շուտով կազատագրվի և այնտեղ կծածանվի Արցախի դրոշը:

 

Ժաննա Հակոբյան

բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031