Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձոր համայնքի տնակային մանկապարտեզներից մեկի շինարարությունը կավարտվի այս տարի. 4 մանկապարտեզ դեռ տնակային է

Մայիս 10,2023 17:00

Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Քրիստինե Մադոյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ համայնքում գործող 23 մանկապարտեզներից 4-ը տնակային են, դրանցից մեկը գտնվում է Գուգարք բնակավայրում, մյուս 3-ը՝ Վանաձորում:

«Թիվ 8 տնակային մանկապարտեզը, գտնվելով կենտրոնում, տարիներ շարունակ եղել է գերծանրաբեռնված, աշխատել է 6 խմբով: Նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով հաստատվել է նոր շենքի կառուցման ծրագրի առաջին փուլը, որն արդեն ավարտված է: Շինարարության 2-րդ փուլը կիրականացվի այս տարվա սուբվենցիոն ծրագրով: Շենքի կառուցման վերջնաժամկետը մինչեւ այս տարվա տարեվերջ է սահմանվել: Նոր շենքի վերջնական կառուցումից հետո մանկապարտեզը նախկին 6-ի փոխարեն կգործի 8 խմբով»,-ասաց բաժնի պետը՝ հավելելով, որ արդեն այս տարվա սուբվենցիոն ծրագրով ներկայացվել է Վանաձորի թիվ 4 եւ Գուգարքի մանկապարտեզների հիմնանորոգման հայտը, որն արդեն հաստատված է, առաջիկայում կհայտարարվի մրցույթ, շինաշխատանքները կմեկնարկեն. «Իսկ այս 2-ից հետո էլ պլանավորում ենք մյուսների հիմնանորոգման ծրագիրը, որով վերջնականապես կլուծենք մեր առջեւ դրված խնդիրները՝ ամբողջությամբ փակել Վանաձոր համայնքում տնակային մանկապարտեզ ասված էջն ու երեխաների համար ապահովել հարմարավետ եւ հաճելի մթնոլորտ»:
Համայնքի 23 մանկապարտեզներում հաճախում է շուրջ 2000 երեխա: Տնակային մանկապարտեզների վարձավճարը, ավագանու որոշմամբ սահմանվել է 4000 դրամ, քարաշեն մանկապարտեզների համար 5000 դրամ:

Անդրադառնալով վարձավճարների՝ հետագա բարձրացումների մասով խոսակցություններին, բաժնի պետը վստահեցրեց՝ ներկա փուլում նման հարց չի քննարկվում, չնայած շարունակական գնաճին. «Իհարկե, ցանկալի կլիներ, որ Վանաձորում եւս մանկապարտեզները լինեին առհասարակ անվճար, բայց ցավոք, այսօր համայնքը ի վիճակի չէ նման քայլի գնալ»:

 

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031