Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանի իշխանություններին թվում է, թե հայ մարդու իրավունքները պիտի պահի ռուս խաղաղապահը, ո՞նց հասկանանք»․ արցախցիների ցույցը

Մայիս 10,2023 16:47

Կառավարության շենքի դիմաց այսօրվա բողոքի ցույցի ժամանակ արցախցիները Նիկոլ Փաշինյանի հասցեին վանկարկումներ անելով՝ կոչ արեցին՝ կամ պաշտպանել հայկական շահը, կամ հրաժարական տալ։

«Շուշի հայրենակցական միություն» շարժման նախագահ Աշոտ Հարությունյանն ասաց․ «Ժողովրդի կողմից կառավարության վրա ճնշում պետք է գործադրվի։ Եթե այս կառավարությունը ոչ մի բան չի անում, ուրեմն ինքը պետք է հրաժարական տա եւ իշխանությունը տա այն մարդկանց, որոնք վճռականությամբ լի են՝ լուծելու այս հարցերը։ Կոնկրետ ես նկատի ունեմ զինվորականությանը, որոնք կարող են այս հարցերը լուծել»։

«Հանուն Հադրութի» հասարակական նախագահ Լեւոն Հայրյանի խոսքով՝ այսօրվա հավաքի ժամանակ արցախցիները ոչ թե սոցիալ-տնտեսական հարցեր են հնչեցնում, այլ քաղաքական։ «Հայաստանի իշխանություններին մեր պահանջը կարճ ու լակոնիկ է եւ իրենց համար հասկանալի պետք է լինի։ Նրանք կամ պետք է տեր կանգնեն հայ ազգի ազգային շահերին եւ գնան այդ շահերից բխող պահանջների կատարմանը, կամ հրաժարական տան։ Չի կարելի սեփական հարմարավետության կամ քաղաքական նկատառումներից ելնելով՝ ժողովրդին այս վիճակի մեջ պահել։ Երկու տարի առաջ ես ասում էի՝ եթե ձեր ապագան դեռ չգիտեք, ժողովուրդ ջան, նայեք Հադրութին եւ տեսեք ձեր ապագան։ Ժողովուրդը թերահավատ էր վերաբերվում։ Հիմա, ցավոք սրտի, կարող ենք ավելացնել, որ եթե Հադրութին նայելով՝ ձեր ապագան չեք տեսել, նայեք Ջերմուկին, կտեսնեք»։

Հայրյանը հավելեց․ «Մեր կառավարությունն ամեն ինչ անում է ազգային, պետական շահերի հարցերը լուծելուց խուսափելու համար։ Ապացուցելու կարիք չկա, ասում է՝ սահմանը պետք է ռուսը պահի, Արցախում ռուսն է պատասխանատու, Լաչինի միջանցքի պատասխանատուն ռուսն է։ Ինչի՞ համար է Հայաստանի իշխանությունը, չենք հասկանում։ Եթե մեր իշխանություններին թվում է, թե հայ մարդու իրավունքները պիտի պահի ռուս խաղաղապահը, ո՞նց հասկանանք։ Հայաստանի իշխանությունը հստակ պատասխանատու է Ալյասկայից մինչեւ Ավստրալիա ապրող ցանկացած հայի համար, որովհետեւ հայտարարել է, որ Հայաստանի ու հայ ազգի իշխանությունն է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031