Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության գնդապետը Եռատոնի մասին. «Տոները ստեղծվում, ձեւավորվում եւ կայանում են ժողովրդի կամքով»

Մայիս 10,2023 16:31

Ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում խոսելով մեր մայիսյան Եռատոնի, Շուշիի ազատագրման օրը օկուպացված Շուշի ունենալու մասին՝ ասաց. «Մի բան պետք է ընկալել: Այն, որ տոները ստեղծվում, ձեւավորվում եւ կայանում են ժողովրդի կամքով ու ժողովրդի կողմից: Ժողովուրդը, հայ ազգը մեր համար ստեղծեց Եռատոնը՝ 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տոնած հաղթանակը, Շուշիի ազատագրումը եւ Արցախի պաշտպանության բանակի ձեւավորումը: Մոռանում ենք, որ մայիսի 8-ին ստեղծվել է նաեւ Երկրապահը, որի մասին հիմա գրեթե չենք էլ խոսում:

Շատերն ասում են՝ ինչպես միմյանց շնորհավորենք, երբ ազգակործան պատուհասները մեզանից խլեցին մեր Եռատոնը: Բայց մենք պետք է արձանագրենք մի բան: Հայ ժողովուրդը ազատագրել է Շուշին, ստեղծել է Արցախի պաշտպանության բանակ, հայ ժողովուրդը ազատագրել է Արցախը: Հետեւաբար, ես մեր ժողովրդին շնորհավորում եմ նման տոն ունենալու համար: Եվ վստահությամբ ասում եմ, որ բոլոր դեպքերում մենք վերադառնալու ենք Շուշի: Դա անքննարկելի է, որքան էլ ազգակործան պատուհասները շարունակեն Արցախի ու Հայաստանի տարածքները հանձնել թշնամուն:

Արդեն գրեթե վեց ամիս է՝ Արցախը շրջափակման մեջ է: Շատերը չեն խոսում: Զարմանալի է, որ ձայն չեն հանում հայաստանաբնակ արցախցիները: Բայց այսօր Արցախը կանգնել է նաեւ կլիմայական աղետի առջեւ: Սարսանգի ջրամբարում գրեթե ջուր չկա: Ու դա ոչ թե բնակլիմայական պայմանների հետեւանք է, այլ Թարթառ գետի հունը թուրքերի կողմից փոխելու:

Երեկ Արցախում տեղի ունեցավ հանրահավաք: Ոչ էին ասում Արցախի շրջափակմանը, էթնիկ զտմանը: Հանրահավաքի ժամանակ մի շատ կարեւոր արձանագրում կար: Եթե սկզբում Արցախի բնակչությունը, նաեւ իշխանական ներկայացուցիչները, եթե այդպիսիք կան, դեռեւս ձայն չէին հանում, արդեն տեղ-տեղ եւ բացահայտ արտահայտվում են ընդդեմ այս իշխանության: Հիշենք Արցախի ԱԺ հայտարարությունը այն մասին, որ հակաարցախյան որեւէ փաստաթուղթ Արցախի բնակչությունը չի ընդունելու ու չի համակերպվելու: Բայց այս ստահակները շարունակում են երկիրը ծախել, երկրի սահմանները թողնել բաց, անպաշտպան: Եվ թուրքը շարունակում է քայլելով մտնել Հայաստան: Սա է այսօրվա մեր իրականությունը:

Եռատոնը, որ մենք ունեինք, երկրի բոլոր ղեկավարները Եռատոնին մասնակցում էին: Իսկ հիմա իշխանությունը զավթածը մեկնում է Ռուսաստան՝ Ռուսաստանի «պառադին» մասնակցելու համար: Իսկ նրան որպես երկրի արժանապատիվ ղեկավար այլեւս ոչ մեկը չի ընդունում: Այնտեղ հինգ թե վեց երկրի ղեկավարներ էին ու նրանցից որեւէ մեկը սրա հետ զրույցի չէր բռնվում: Ու դրսում խղճուկ, թեւաթափ այս մարդը, որը դրսում դառնում է կամակատար, գալիս է Հայաստան ու հայերի վրա մուննաթ գալիս, բռնություն կիրառում՝ ստեղծելով ոստիկանական դիկտատուրա»:

Թաթուլ Պետրոսյանի բնութագրմամբ, նման կերպ վարվում են այն մարդիկ, որոնք փոքրոգի են եւ ապագայի նկատմամբ հոգու մեջ վախ ունեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031