Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի Հանրապետությունն այսօր միայնակ ընդունակ է ջախջախելու ադրբեջանական զավթիչներին, լավ կազմակերպիչ է պետք»․ Աշոտ Հարությունյան

Մայիս 10,2023 16:24

Այսօր կառավարության շենքի դիմաց արցախցիների բողոքի ցույցի ժամանակ «Շուշի հայրենակցական միություն» շարժման նախագահ, պատմաբան Աշոտ Հարությունյանը, անդրադառնալով Արցախի հարցում Կոսովոյի նախադեպի կիրառման հնարավորության մասին հարցին, ասաց․ «Պետք է ելնել այն իրավիճակից, որը գոյություն ունի։ Այսինքն՝ գոյություն ունի Արցախի Հանրապետություն, որը կիսով չափ բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Ինչպե՞ս ենք տեսնում լուծումը, ես անձամբ մի քանի անգամ ասել եմ, որ միակ լուծումը ռազմական ճանապարհն է՝ նախ Արցախի Հանրապետության բնակչության ուժերը մոբիլիզացնելով, ուրից հետո գուցե նաեւ Հայաստանից կամավորականների աջակցության շնորհիվ։ Ես դեմ եմ, որ Հայաստանի Հանրապետությունն իր զորքերով աջակցի այդ պատերազմին, որովհետեւ Ադրբեջանը հենց նման բաների է սպասում։ Բոլոր դեպքերում ես շեշտում եմ, որ եթե Արցախի Հանրապետությունը կարողանա լիիրավ օգտագործել այն, ինչ ունի, ինքը միայնակ ընդունակ է ջախջախելու ադրբեջանական զավթիչներին։ Այդ հնարավորությունը կա, կա մարտականորեն տրամադրված բնակչություն, պարզապես պետք է ազգային արժանապատվության զգացում ունեցող ղեկավար լինի այնտեղ՝ կազմակերպելու համար։ Կոնկրետ ես տեսնում եմ, որ Արցախի բնակչությունն ուրիշ ելք չունի, բացի նրանից, որ գնա Սամվել Բաբայանի հետեւից։ Արցախում ցույց են անում, բայց եթե այդ ցուցարարները չեն հայտարարում, որ ամբողջ իշխանությունը պետք է դիկտատորի լիազորություններով տրվի Սամվել Բաբայանին, ես այդ ցույցը պարզապես համարում եմ թատրոն։ Մնացած ուժերը դեմոկրատական չգիտեմ ինչ են քարոզում, բայց այսօր աշխարհը ցույց տվեց, որ թքած ունի դեմոկրատական արժեքների վրա։ Իր աչքի առաջ տարածաշրջանի ամենադեմոկրատական երկիրը ենթարկվեց ադրբեջանական զավթիչների հարձակմանը, պլյուս թուրքեր եւ այլն։ Եվ աշխարհը լուռ փաստորեն հովանավորեց այդ հարձակումը։ Այս պայմաններում մտածել, թե աշխարհն ինչ պետք է մտածի մեր մասին, անձամբ ինձ համար դա զրո է»,- ասաց Աշոտ Հարությունյանը։

Ըստ նրա՝ նախ պետք է մոբիլիզացնել հայ հանրության գիտական պոտենցիալը, այդ ներուժն ունենք։ Աշոտ Հարությունյանը հավելեց, որ շուշեցիների անունից կարող է հայտարարել հետեւյալը՝ բնակչությունը մարտական է տրամադրված, որովհետեւ ուրիշ ելք չկա, ինչքա՞ն կարելի է առանց հայրենիքի ապրել։ «Ի՞նչ է նշանակում ադրբեջանական անցակետ տեղադրել, ես իմ հայրենիք գնալու համար ադրբեջանցուց թույլտվությո՞ւն պետք է խնդրեմ։ Ադրբեջանցին ո՞վ է, որ նստել է իմ հայրենիքում, զավթիչ է եւ ինքը պետք է թողնի այդ տարածքը։ Ես միշտ էլ մեղադրել եմ, որ Արցախի իշխանությունները վճռական չեն գործում, իրենք պետք է վճռական գործեն»,- նշեց նա։

Աշոտ Հարությունյանը նաեւ հավելեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստան տեղափոխված արցախցիների ներկայացուցիչները 2021 թվականին հանդիպել են Արցախի իշխանությունների հետ՝ տեղահանվածների համար բնակավայր կառուցելու առաջարկով։ «Անձամբ ես ներկայացրել եմ իմ տեսլականը, թե ինչպես եմ տեսնում այդ հարցի լուծումը Արցախի տարածքում։ Պահանջ եմ դրել, որ փախստականների համար Ստեփանակերտից օդանավակայան տանող ճանապարհի երկու կողմում պետք է կառուցվի բնակավայր։ Այս ծրագիրն աջակցություն չի ունեցել, ես գտել եմ, որ իրենց հետ անելիք չունեմ, որովհետեւ այն, ինչ ես տեսնում եմ, դա պարզապես հարմարվել է։ Նստել այնտեղ, ասում են՝ ես պայքարում եմ, դա պայքար չէ, քեզ շրջապատել են 4 կողմից, եւ դու հույսդ ինչի՞ վրա ես դրել։ Եթե ժողովուրդը մինչեւ հիմա չի գիտակցել, որ կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, ապա ես դա հայրենասիրություն չեմ համարում»,- նշեց նա։

Աշոտ Հարությունյանը նաեւ ասաց, որ եթե Արցախի Հանրապետության իշխանությունների ստորագրությունը չկա նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ, դա պլյուս է։ «Դա նշանակում է, որ հարցը բաց է, եւ ցանկացած պահի ռազմական գործողություններ կարող են սկսվել այնտեղից, որտեղից նույնիսկ համաշխարհային հանրությունը չի սպասում։ Մարդն առանց Արցախի իշխանությունների թույլտվության ստորագրել է ինչ-որ թղթի տակ, բայց կա Արցախի նախագահի ելույթը, որն ասում է՝ ես եմ խնդրել, որպեսզի կանգնեցնեն պատերազմը։ Ես 2020 թվականի նոյեմբերի 6-ին եմ դուրս եկել Շուշիից եւ կարող եմ ասել, որ Շուշին ուներ դիմադրելու բոլոր հնարավորությունները, բայց չուներ կազմակերպիչ։ Այսօր Արցախին պակասում է լավ կազմակերպիչ»,- ասաց Հարությունյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031