Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ռազմագերիների վերադարձի մասով քաղաքական, դիվանագիտական մակարդակում ձախողումներ են. պայմանավորվածություններ չի հաջողվում ձեռքբերել. Սիրանուշ Սահակյան

Մայիս 10,2023 15:49

Մի շարք ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի» կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում ՀՀ սահմանը ապօրինի հատած երկու ադրբեջանցիները փոխանակվեն Բաքվում անազատության մեջ պահվող հայերի հետ:

«Կարծում եմ՝ քաղաքական պայմանավորվածությունների հիման վրա, ոչ թե իրավական մեխանիզմների գործադրմամբ: Ճիշտ կլինի, որ այս հարցերը քննարկողները պաշտոնական մեկնաբանություն տան: Եթե իրավական տեսանկյունից ենք հարցը քննարկում, հանցագործության համար պատասխանատվության ենթարկված անձինք կարող են փոխանցվել այլ երկիր միջազգային համաձայնագրերի հիման վրա, որոնք նախատեսում են քրեական ոլորտում համագործակցություն եւ նման գործիքներ կան: Օրինակ` քաղաքացիության երկիր փոխանցելը, պատիժը այդ երկրում կրելու նպատակով: Նման համաձայնագրեր կան ԵԽ, ԱՊՀ շրջանակներում: Այսինքն՝ դրա գրագետ ճանապարհը, պատիժը այլ երկրում կրելու նպատակով հանձնումն է: Բայց մենք գիտենք, որ այս գործիքակազմը նախ չարաշահվել է Ադրբեջանի կողմից, Սաֆարովը դրա վառ օրինակն է, ունենք նաեւ վատ նախադեպ, երբ հանցագործները՝ երկու դիվերսանտ, որոնք նաեւ անչափահաս անձի կյանքից զրկել էին, նորից քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում փոխանցվել են առանց քրեական ոլորտի միջազգային համագործակցության պայմանագրի դրույթները հաշվի առնելու» ,- մեզ հետ զրույցում ասաց Սիրանույշ Սահակյանը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 4-ի վճռով՝ Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողներից մեկի՝ Աքշին Բաբիրովի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 11 տարի 6 ամիս 15 օր ժամկետով: Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Սիրանուշ Սահակյանը համարժեք է համարում այդ զինծառայողի պատիժն արարքին. «Տեղեկատվության սակավություն կա, փաստերը հստակեցված չեն, իսկ առանց փաստերին տեղեկանալու, դժվար կլինի ասել, բայց եթե այլ արարքներ նրան վերագրված չեն, ու խոսքը միայն սահմանը ապօրինի հատմանն է վերաբերում, կարծում եմ՝ համարժեք է»:

Հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքների առնչությամբ Սիրանուշ Սահակյանը նկատեց, որ քաղաքական, դիվանագիտական մակարդակում զարգացումներ չկան. «Այստեղ ձախողումներ են արձանագրվում, որովհետեւ պայմանավորվածություններ չի հաջողվում ձեռքբերել: Ինչ վերաբերում է իրավական ճանապարհին, գործերն ունեն առաջնահերթություն: Մենք հիմա հավելյալ ջանքեր ենք գործադրում, որ այդ գործընթացներն ավելի արագ լինեն, եւ դատարանը հետեւողական գտնվի հրատապ ընթացակարգով գործերը քննելու հարցում, որի արդյունքում կարող ենք հասնել իրավական պահանջի՝ ազատ արձակել ռազմագերիներին: Գիտենք, որ այս խնդիրը Եվրոպական դատարանը համարել էր իր շրջանակից դուրս, որովհետեւ, ըստ էության, քննությանն էր առնչվում, իսկ ՄԱԿ-ի դատարանում պետությունը չկարողացավ հասնել անհապաղ միջոցի կիրառության: Դրա համար կարծում եմ՝ եթե գործընթացն արագացվի, դատարանը քննության արդյունքում արձանագրի ապօրինի ազատությունից զրկելն ու կամայական դատապարտությունների իրականացումը, կպահանջի նաեւ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031