Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ինչ տեղի է ունեցել 2018 թվականից ի վեր, մեր պատմության ամենագորշ էջերից է, որը պետք է կարողանանք շրջել»

Մայիս 10,2023 15:34

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով մայիսյան Եռատոնի խորհրդին եւ հայ ժողովրդից խլված հաղթանակներին՝ նշեց, որ դրանք ժամանակի մեջ հայ ժողովրդի նվաճումներ են եղել, երբ ազգովի միավորվել ենք մեր պայծառ խավի շուրջ, որոնցից մեկը Կոմանդոսն էր՝ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը, եւ շարունակեց. «Այսօր չի կարելի ընկալել, որ վերջ, մենք Շուշին կորցրեցինք: Այս վարչակազմի, որն այսպես ասած, իշխանության ղեկին է. ձեռքում չէ Հայաստանի եւ հայերի ճակատագրի լուծումը: Դա պետք է շատ պարզ պատկերացնել: Ցանկացած ժողովուրդ, պետություն, ունենում է տարբեր պահեր՝ հաղթանակներ, եւ այսպիսի վիճակներ, որի մեջ հայտնվել են այսօր Հայաստանը եւ ընդհանրապես, հայերը:

Եվս մեկ անգամ ասում եմ, եկեք չխառնենք թացը չորի հետ: Եկեք ձոնենք այս սերնդին, կոնկրետ մարդկանց, խմբերին, որոնց ներկայացուցիչների դեմքերը հիմա ես մեկ առ մեկ հիշում եմ, ովքեր զոհվել, վիրավորվել են, ովքեր ողջ են մնացել ու մեզ պարգեւել են Շուշիի ազատագրման պատմական պահերը: Եվ ես ուզում եմ, որ Շուշին նորից վերադարձնենք:

Մենք պետք է հստակեցնենք, որ դրսի եւ ներսի ոսոխները միասին կարողացել են խլել մեզնից այդ քաղաքը: Բայց այն ապրումները, խիզախությունը, որ ցուցաբերել են հայորդիները, որեւէ առումով չպետք է ստվերվեն: Իսկ այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականից ի վեր, դա մեր պատմության գորշ էջերից է, որը մենք պետք է կարողանանք շրջել եւ անցնել առաջ՝ նոր նվաճումների եւ քաղաքակրթության մեջ մեր տեղը նորից գտնելու: Սա ճիշտ պահն է մոբիլիզացումի, զարթոնքի, մեր պանծալի պատմության հոգեւոր արժեքները նորից վերապրելու»:

Տիկին Ալավերդյանը նշեց, որ ինքը մշտապես մասնակցում է ցույցերին: Եվ նրա համոզմամբ՝ կարեւոր չէ, թե քանի մարդ է մասնակցում: «Կարեւոր է, որ նրանք հոգի են՝ ի տարբերություն այն մարմինների, որոնք այսօր Ազգային ժողովում այսպես ասած, իշխանական թեւն են կազմում: Այնտեղ հոգի չկա: Այնտեղ մարմիններ են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031