ՄԱԿ-ը պարտավորություններ ունի հայ փախստականների առաջ, այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացած քննարկումից հետո լրագրողներին ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։ Հիշեցնենք, որ պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված անձինք այսօր նամակ են հանձնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին, արցախցիների ներկայացուցիչներին ընդունել են գրասենյակի աշխատակիցները։
«Մենք նախ հիշեցրինք, որ ՄԱԿ-ը պարտավորություններ ունի հայ փախստականների առաջ, եւ ոչ միայն 2020 թվականին ձեւավորված, այլ նաեւ 1988 թվականից ձեւավորված։ Իրենց հիշեցրինք, որ ՄԱԿ-ն ունի իր անալիտիկ փորձագիտական կենտրոնները։ Եվ ո՞նց է լինում, որ առանց որեւէ անալիտիկ գործունեության, ՄԱԿ-ում գրանցվում է 600 հազար այսպես կոչված ադրբեջանցի փախստական, եւ ոչ մի հայ փախստական՝ 1988-ից սկսած։ ՄԱԿ-ի հայկական մասում գրված է, որ 26 750 փախստականին մոտիկ կարգավիճակով Արցախի հայեր են գրանցված։ Ասացինք, որ որքանով էլ նոյեմբերի 9-ի թուղթն ապօրինի է, գողական ու խուժան մի փաստաթուղթ է, բայց այդ փաստաթղթով ուժի գործադրմամբ ֆաշիստական Բաքուն հասավ իր մի շարք նպատակներին։ Եվ այսօր էլ նա իրողություն է դարձնում այդ փաստաթղթի 7-րդ կետը։ Այսինքն՝ առանց վերահսկման փախստականների անվան տակ ինչ-որ մարդկանց մխրճում է երբեմնի ազատագրված տարածքներ, Թալիշի շրջան եւ այլն։ Անկախ նրանից՝ ՄԱԿ-ն այդ եռակողմ հայտարարությունն ընդունում է, թե ոչ, տեղյակ է, որ գոյություն ունեն փախստականներ, եւ պարտավոր էր նրանց տիրություն անել։ 2020 թվականին ձեւավորվել են միայն հայ փախստականներ եւ ներքին տեղահանվածներ։ Այնպես որ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի այդ թուղթը պետք է վերաբերեր բացառապես 26 750 փախստականների վերադարձի հարցին, որով ՄԱԿ-ը չի զբաղվում։ Եվ խնդիրն այն չէ, թե այդ եռակողմ հայտարարությունն ովքեր են ստորագրել։ Եթե որեւէ տեղ կա փախստական, ՄԱԿ-ն իր մանդատը պետք է իրականացնի։ Այսօր ՄԱԿ-ը չի հետեւում այդ հարցին, եւ հնարավորություն է տվել, որ Իլհամը փախստականների անվան տակ ինքնագլուխ ինչ-որ տեռորիստների, մարդասպանների մխրճի այդ շրջաններ»,- ասաց նա։
Մարիամ Ավագյանի խոսքով՝ ՄԱԿ-ը շատ լավ գիտի, որ Բերձորի միջանցքը հումանիտար միջանցք է եւ ունի հստակ կարգավիճակ, դա միակ ճանապարհն է, որն Արցախի դե ֆակտո կայացած հանրապետությունը կապում է մայր Հայաստանի հետ։ Եվ ուժի կիրառմամբ այսօր Բաքուն այնտեղ անցակետ է դնում, փոփոխում է միջանցքի կարգավիճակը, իսկ ՄԱԿ-ը որեւէ կձեւով չի կանխում։ «Մենք ցեղասպանության կանխարգելման բազում միջոցառումներ ենք արել այստեղ, բայց 2020 թվականին պարզվեց, որ մենք ցեղասպանությունը կանխելու, ՄԱԿ-ի վրա հույս դնելու որեւէ միջոց չունենք։ Մենք հարց տվեցինք, թե ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման գործակալությունն ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի ցեղասպան Բաքվի կոշտ ուժին հակադարձի եւ կարողանա կանխարգելել ցեղասպանությունը՝ թե Արցախի բեկորի վրա, թե Հայաստանի Հանրապետության տարածքում»,- հավելեց Մարիամ Ավագյանը։
Նա հիշեցրեց, որ 2012 թվականին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարը, ով այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է, եկավ Երեւան եւ այստեղ ստիպեց ՀՀ երրորդ նախագահին՝ ի լուր աշխարհի հայտարարելու, որ պաշտոնական Երեւանը երբեւէ փախստականների հարցը չի քաղաքականացնի։ «Մենք բանավոր պահանջ դրեցինք, որը, անշուշտ, կամրագրենք գրավոր նամակով, որպեսզի այսօր ՄԱԿ-ի փախստակաների հարցերով հանձնակատարը գա Հայաստանի Հանրապետություն եւ հանդիպի այն 26 750 հազար փախստականին մոտեցված կարգավիճակով մարդկանց հետ, լսի նրանց պահանջները, ծանոթանա նրանց զրկանքներին»,- նշեց Մարիամ Ավագյանը։
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի գրասենյակում այսօրվա հանդիպման ժամանակ արցախցիների ներկայացուցիչները բարձրացրել են նաեւ հումանիտար հարցրել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ