Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆոտոմեղադրանք. 9 համարի ավտոբուսը հաճախ «բյուլետենի» մեջ է

Մայիս 10,2023 15:40

Այս տարվա ապրիլին Երեւանի քաղաքապետարանը «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերությանը նվիրեց ներկրված 150 հատ 8,6 մետրանոց, ինչպես նաեւ 87 հատ 12 մետրանոց չինական նոր ավտոբուսներ: Քաղաքապետարանը հայտարարեց, թե երկու հարյուրը կսպասարկեն: Կարծես նշվեց ժամանակը՝ ապրիլի տասնհինգից ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթեւեկության ցանցը:

Մեզնից յուրաքանչյուրը մտովի պատկերացնում էր, թե առաջին ավտոբուսները կհայտնվեն իրենց համայնքներում, վերջապես մարդու նման, կօգտվենք ավտոբուսներից:

Լուսանկարներում պատկերվածը Սարի թաղի 9 համարի ավտոբուսն է:

Այն, ինչպես Նոր Նորքից դեպի կենտրոն իջնող 53, 26, 5, 42 ավտոբուսները, չի փոխվել, եւ կարծես Երեւանի քաղաքապետարանի մտադրություններում չկա դրանք փոխարինել նորերով, որոնց մասին ամեն օր հայտարարվում է:

Սարի թաղի բնակիչները Նոր Նորքի բնակիչների նման վիրավորվում են ամեն անգամ, երբ ստիպված օգտվում են իրենց դարն ապրած, ցեցն ընկած քաղաքային տրանսպորտային միջոցներից՝ ավտոբուսներից:

Ավտոբուսի ներսում հակասանիտարական վիճակ է, անդուր հոտերով, սրա նմանակները երթուղի են դուրս գալիս առանց լվացվելու, փոշոտ, կան նստարաններ, որոնք հենվում են ջերմուկի տափակեցրած շշերի վրա, քանի որ ամրակներ գնելու համար, երթուղին սպասարկողները գումար չունեն, դրանք վտանգավոր են:

9 համարի ավտոբուսի «հանդերձանքը» փոխեցին, որպեսզի պատառոտված նստարանները փակեին, դա էլ չօգնեց, «զգեստը» կեղտի մեջ կորած է: Ուղեւորներն ասում են ՝ սպիտակ հագնել չենք կարողանում: Շատերն իրենց մոտ սրբիչներ են պահում, նստատեղին փոքր-ինչ մաքրելու համար…

Նշված ավտոբուսի, ավտոբուսների պատուհանները որոշ տեղերում ամրացված են կպչուն ժապավեններով, դռները, ինչպես քաղաքապետարանի դռները, փակ են, հաճախ վարորդը պետք է թողնի ղեկը, որպեսզի գնա, քաշքշելով բացի իր ավտոբուսի դռները:

9 համարի ավտոբուսը հաճախ խափանվում է, դրանից օգտվողները կանգառներում սպասելիս հարցնում են. «էլի բյուլետենի մե՞ջ է»:
Հուսամ նշված համարների ավտոբուսների վիճակը ներսում ծանոթանալով կպարզվի, եւ առաջնահերթությունը կտրվի հենց այս համարների ավտոբուսները փոխելուն: Քաղաքի օգտագործված ավտոբուսներից կուշտ ենք, այն նորացվելուց հետո մի ուղարկեք Սարի թաղ, Նոր Նորք, աղքատ բարեկամին օգնելու ձեւեր մի թափեք:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031