Պատերազմի հետեւանքով տեղահանված արցախցիներն այսօր նամակ հանձնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։ Արցախցիները դիմում են Ֆրանսիայի իշխանություններին՝ Արցախում հումանիտար գրասենյակի բացման աշխատանքներն արագացնելու հարցով։
«Չնայած մենք չենք կասկածում, որ Ֆրանսիան տեղյակ է, թե ինչ հումանիտար իրավիճակ է Արցախում, բայց եկել ենք այստեղ՝ նրանց դիմելու, որպեսզի ակտիվացնեն իրենց քայլերը։ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, իր ակտիվությունը միշտ ցուցաբերել է։ 2020 թվականի պատերազմից հետո իրենց պառլամենտի մակարդակով ընդունել են Արցախի անկախությունը, ինքնորոշումը, նույնիսկ Արցախը ճանաչել են 1994 թվականի սահմաններով։ Կարելի է ասել՝ մեր հարցի միակ ճիշտ լուծումը դա է, որ Արցախի ինքնորոշումը ճանաչվի, այն էլ 1994 թվականի սահմաններով։ Եթե այն, ինչ այսօր մնացել է Արցախից, փորձենք ճանաչել, դա ապագայում Արցախում ապրելու երաշխիքներ չի տալու։ Միջազգային հանրությունը եւ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է Արցախը ճանաչեն 1994 թվականի սահմաններով, զինեն Արցախին՝ ցեղասպանությունից պաշտպանվելու համար։ Այլ ելք չկա, ցեղասպանը չի կշտանում, չի կանգնում ոչ մի սահմանի վրա։ Այսօրվա մեր ակցիայի հիմնական նպատակը՝ Ֆրանսիային կոչ ենք անում հումանիտար գրասենյակ բացելու առաքելությունն արագացնի։ Ստեփանակերտում ժողովուրդը սպասում են, նրանք մեզ ուղերձ են փոխանցել, սպասում են։ Նույնիսկ մարդիկ կան, որ ասում են՝ իրենց անձնական տնօրինման շենքերը մի քանի ամսով անվճար կտրամադրեն այդ հումանիտար գրասենյակին»,- ասաց Լեւոն Հայրյանը։
Նրա խոսքով՝ միայն ֆրանսիական հումանիտար գրասենյակի միջոցով հնարավոր կլինի Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի լուծման ուղղությամբ առաջընթաց ունենալ։
Ֆրանսիայի դեսպանատանը նամակ փոխանցելով՝ արցախցիները նաեւ խնդրեցին,որպեսզի դեսպանատան աշխատակիցները հարմար առիթով իրենց ընդունեն եւ լսեն իրենց։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ