Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմության առաջնորդների թոռներն ինչո՞ւ են ԱՄՆ-ում ծնվում, ամերիկյան անձնագիր ինչո՞ւ են ունենում». Գեւորգ Պապոյան

Մայիս 10,2023 14:43

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի հետ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպման ժամանակ, հայկական պատվիրակության առջեւ ուղիղ պահանջ չի դրվել՝ «Նեմեսիսի» հուշարձանն ապամոնտաժելու մասին. այս մասին այսօր խորհրդարանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը:

Պատվիրակության անդամները, հիշեցնենք, մայիսի 4-5-ին Անկարայում մասնակցում էին Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին: Պատվիրակության հետ Անկարա էր մեկնել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ հուշարձանի տեղադրումը որոշակի դժվարություններ է առաջացրել: Կարծում եմ, որ այդ դժվարությունները հնարավոր է լուծել բանակցությունների, որոշակի աշխատանքի արդյունքում: Ի՞նչ հանգուցալուծում կունենանք՝ չեմ կարող պատասխանել, որովհետեւ այդ թեմայի շուրջ բավարար տեղեկատվություն չունեմ»,- ասաց Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ հուշարձանի ապամոնտաժման հարցը խորհրդարանի իշխող ուժը ներկայացնող խմբակցությունում չի քննարկվել:

Գեւորգ Պապոյանն էլ հուսով է, որ թուրքական կողմը կամք կգտնի իր մեջ եւ հայ-թուրքական սահմանը կբացվի, որովհետեւ դա միայն տնտեսական հարց չէ. «Դա ՀՀ անվտանգության հարցն է: Ես ուզում եմ, որ իմ հարեւանը, որն ինձնից տասնապատիկ ավելի շատ բնակչություն ունի, տասնապատիկ ավելի մեծ տարածք ունի, տասնապատիկ ավելի մեծ տնտեսական հզորություն ունի, տասնապատիկ ավելի ռազմական հզորություն ունի՝ չլինի իմ թշնամին: Դա իմ պետության անվտանգության համար է, դա ՀՀ քաղաքացիների անվտանգության համար է: Ինձնից բոլոր առումներով տասնապատիկ, որոշ ցուցանիշներով միգուցե հարյուրապատիկ հզորություններ ունեցող հարեւանի հետ ես չեմ ուզում ունենալ թշնամություն: Պետական ու քաղաքական գործիչները պետք է զգացմունքները մի կողմ դնեն, որովհետեւ զգացմունքները չեն կարեւոր, կարեւորը՝ պետության շարունակականությունն ու գոյությունն է ու հանուն մեր պետության՝ մենք պետք է զգացմունքները մի կողմ դնենք եւ անենք քայլեր, որոնք կնպաստեն մեր պետության ու ժողովրդի անվտանգությանը»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ որտեղի՞ց իշխող ուժի պատգամավորին լավատեսություն, որ 80 միլիոնանոց Թուրքիան կարող է կտրուկ փոխել վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, երբ թուրքական կողմի պահանջը՝ մինչեւ Արցախի հարցը չլուծվի, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել, սահմանը չի բացվի՝ մնում է ուժի մեջ, իսկ մեկ արձանի պատճառով էլ նման խնդիրներ են առաջանում, Գեւորգ Պապոյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ որտեղ տեսաք լավատեսություն. ես ասացի՝ հույս ունեմ»:

Գեւորգ Պապոյանը նաեւ շատ ավելի կարեւոր է համարում այն, որ Թուրքիան Հայաստանին չդիտարկի, որպես թշնամի պետության, ոչ թե հակառակը եւ հավելում, եթե առանց նախապայմանների են հարաբերությունները կարգավորվում, դա արդեն իսկ կնշանակի, որ մեզ թշնամի պետության չեն վերաբերվում, մենք էլ իրենց չենք վերաբերվի. «Կկարողանա՞նք մթնոլորտը կառավարել՝ շատ լավ, չեն կարողանա՝ կունենանք խնդիրներ»: Ինքը պատրաստ է ամեն օր եւ ամեն տեղ գնալ եւ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, որովհետեւ վստահ է, որ այդ շղթայի կոտրելը հանուն ՀՀ-ի է եւ ՀՀ-ի անվտանգության: Նա հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փորձեր Հայաստանում մշտապես են եղել, իսկ 2007-ին՝ «գաղտնի գործընթացով»:

Հարցին՝ վտանգ չկա՞, որ Հայաստանից ամեն ինչով անգամներ հզոր Թուրքիան պարզապես կկլանի մեր երկիրը, Գեւորգ Պապոյանը պատասխանեց. «Եթե կարծում եք, որ Թուրքիայում հաշվարկած կլինեն, որ հնարավոր է ՀՀ տնտեսությունը կլանել եւ իրենք դա չեն անում, ապա ապազգային եւ վտանգավոր մոլորության մեջ ենք»: Նա գտնում է, որ եթե աշխարհում, սահմաններ փակելն արդյունավետ ճանապարհ չլիներ, արեւմտյան երկրները ՌԴ-ին տնտեսական պատժամիջոցների չէին ենթարկի: Իսկ մենք դրան ենթարկվում ենք տեւական ժամանակ, մինչդեռ աշխարհում զարգացել են, ամրացել են այն պետությունները, որոնք սահմաններ են բացել:

Գեւորգ Պապոյանը թիմի առաջնորդին երկրորդեց՝ ասելով, որ իրենք ՀՀ բնակչությունից մանդատ են ստացել խաղաղության հաստատման գնալու համար, իսկ դա նշանակում է նաեւ սահմանների բացում, ճանապարհների ապաշրջափակում, ինչի հետեւանքով ՀՀ անվտանգությունը կամրապնդվի, Հայաստանում մարդիկ շատ ավելի լավ կապրեն: «Շատ ենք ասում՝ աղջիկը պետք է ծնվի, իսկ ծնված տղաների հետ ի՞նչ ենք անում, քանի հազար չծնված տղա է՝ մինչեւ ծնվելը, դառնում այլ երկրի քաղաքացի: Նախկին պաշտոնյաների՝ մեծ մասի թոռներն ու երեխեքը ԱՄՆ-ում են ծնվել ու ծնվում, որպեսզի ԱՄՆ քաղաքացիություն ստանան ու բանակ չգնան, բայց ստեղ՝ ներսում՝ պաթոսով այնպիսի տեքստեր են ասում, որ ուղղակի զզվելի է: Ընդդիմության առաջնորդների թոռներն ինչո՞ւ են ԱՄՆ-ում ծնվում, ամերիկյան անձնագիր ինչո՞ւ են ունենում. բա էդ մարդիկ իրավունք ունե՞ն հայրենասիրություն անելու»:

Բաբկեն Թունյանն էլ նկատում է՝ հայ-թուրքական փակ սահմանը որեւէ կերպ չի խանգարում, որ թուրքական ապրանքները կամ թուրքական կապիտալը կլանի ՀՀ շուկան, որովհետեւ թուրքական ապրանքներն ու կապիտալն այսպես կամ այնպես գալիս են Հայաստան՝ անգամ միջազգային տարբեր բրենդների միջոցով: Նա կարծում է, որ սահմանի բաց լինելու դեպքում երկու երկրներն էլ կշահեն, կտուժեն այն երկրները, որոնք օգտվում են այսօրվա փակ սահմաններից եւ մեր առեւտրաշրջանառությունն այդ երկրների միջոցով է տեղի ունենում՝ արդյունքում էլ Հայաստան հասնող ապրանքների գներն են բարձրանում:

Բաբկեն Թունյանն էլ համամիտ է՝ երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններում էմոցիաներով առաջնորդվել չի կարելի. «Այն թեզերը որ կան՝ «դարավոր բարեկամություն», «դարավոր եղբայրություն», «նրանք մեզ սիրում են» թեզերը կեղծ կատեգորիաներ են, որովհետեւ ամենաիսկական կատեգորիան դա երկրների շահերն են: Բոլոր երկրներն ունեն իրենց շահերը. Թուրքիան ունի իր շահերը, ՌԴ-ն իր, Վրաստանն իր, բնականաբար, ՀՀ-ն էլ ունի իր շահերը եւ եթե ՀՀ շահերից բխում է, որ մենք պետք է անգամ սատանայի հետ համագործակցենք, ուրեմն, պետք է քննարկենք այդ համագործակցության հնարավորությունները»:

Ինչ վերաբերվում է նրան, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հարթակը տնտեսական է, բայց քաղաքական հարցերի քննարկմանն առավել շատ տեղ տրվեց այս նիստում, ավելին, ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների միջեւ բանը հասավ ձեռնամարտի ու հարցին՝ արդյոք հայ-թուրքական սահմանի բացման հարցն այդ տնտեսական հարթակում քննարկվո՞ւմ է, Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ ոչ, բայց այդ հարթակում հայկական կողմը խոսում է նաեւ Բերձորի միջանցքի փակ լինելու, ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական հարձակումների մասին, Հայաստանի՝ Թուրքիայի կողմից շրջափակված լինելու մասին, որոնք դարձյալ օրակարգում չկան: Այս խնդիրների շուրջ բանավեճը եղել է երկկողմ, ադրբեջանական կողմը իր հիմնական ելույթներից մեկն էլ նվիրել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային: Բաբկեն Թունյանը պնդում է՝ Հայաստանում, այդ թեզը հայաստանյան ընդդիմադիրների կողմից է առավելապես գովազդվել է, իսկ իրենց համար չկա այդպիսի միջանցք. «Կա Լաչինի միջանցք»: Իսկ Սյունիքով միջանցք լինել չի կարող, բայց ՀՀ-ն պատրաստ է մարդկանց եւ բեռնափոխադրման համար ճանապարհ տրամադրել՝ ՀՀ-ի օրենսդրության եւ սուվերենության շրջանակում:

ՔՊ-ական պատգամավորները ասում են՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցն օրակարգ է մտցրել Իլհամ Ալիեւը, իսկ ՀՀ ընդդիմությունն այդ հարցը ներմուծել է հայաստանյան օրակարգ՝ պայմանավորվածությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031