Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր հնարավոր է դարձել հայատառ էլեկտրոնային փոստ գրանցելը». Ինտերնետ հանրություն ՀԿ խորհրդի անդամ

Մայիս 10,2023 13:40

«Այս տարի մայիսի 5-ին լրացավ .հայ դոմենային անվան 7-րդ տարեդարձը, մենք ամեն տարի նշում ենք այդ օրը, եւ այս տարին էլ բացառություն չէր»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը՝ խոսելով իրականացված միջոցառումներից:

«Այս տարի գրանցեցինք հազարերորդ .հայ դոմենային անունը: Միջոցառումների շարքը կապված է .հայ դոմենային անվան հետ եւ միտված է համացանցում հայերեն բովանդակության զարգացման: Դրանք մրցույթներ են, իրազեկման ակցիաներ, հանդիպումներ՝ տարբեր շահառու կողմերի հետ: Փորձում ենք նաեւ միջազգային միջոցառումներ ներգրավել, որովհետեւ բոլոր այն ազգերը, որոնք ունեն իրենց այբուբենը, փորձում են համացանցում լինել ավելի ներգրավված: Բոլորս գիտենք, որ համացանցը գործում է լատինատառ, բայց ազգային այբուբենի օգտագործումն ավելի նպատակահարմար է դառնում այն օգտատերերի համար, որոնք անգլերենի վատ իմացության պատճառով նախընտրում են օգտագործել իրենց ազգային լեզուն»,-հավելեց Քրիստինա Հակոբյանը:

Քրիստինա Հակոբյան

Նա անդրադարձավ այս տարի մարտ ամսին իրենց հյուրընկալած միջազգային միջոցառմանը, որը կազմակերպել էր Ինտերնետ անունների IP հասցեների կորպորացիան. «Իրենք տարածաշրջանում հենց Երեւանն ընտրեցին որպես հյուրընկալող կողմ: Միջոցառման անվանումն էր՝ Համընդհանուր ընդունման օր: Այդ օրը մոտ 6 երկրից ժամանած հյուրերի հետ ունեցանք խնդիրների եւ առանձնահատկությունների ու դրանց լուծումների վերաբերյալ քննարկումներ…

Ի դեպ, այսօր արդեն հնարավոր է դարձել հայատառ էլեկտրոնային փոստ գրանցելը: Կարող եք գրանցել եւ օգտագործել այնպիսի համակարգերում, ինչպիսիք են գուգլը, Windows-ը եւ մյուս օպերային համակարգերը»:

Արամ Վերդյան

«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ, տեխնիկական խմբի համակարգող Արամ Վերդյանը հավելեց, որ հայերեն կետը դեռեւս միջակետ է ընկալվում վինդոուսում եւ կետ չի հասկացվում, ու այժմ փորձում են այդ հարցը եւս կարգավորել: Նա պարզաբանեց, թե ինչու է պետք հենց հայկական դոմեն կամ էլփոստ գրանցելը եւ օրինակ բերեց. «Օրինակ` դուք ունեք ռադիոկայան, ասենք ճշմարտություն FM եւ հեռարձակում եք միայն Հայաստանում, եթե եթերում ասեք այցելեք մեր կայք՝ Ճշմարտություն.հայ, կամ նամակ ուղարկեք մեր հասցեով, բոլորը կիմանան՝ ինչպես գրել այդ անունը, իսկ եթե չունեք հայատառ դոմեն, անձամբ ես չգիտեմ, թե ինչպես լատինատառ գրել ճշմարտություն.հայը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031