Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե հայ-թուրքական սահմանի բացումը ձեռք տա միայն Թուրքիային, Թուրքիան սահմանը կբացի հինգ վայրկյանում». Գեւորգ Պապոյան

Մայիս 10,2023 13:16

Հայկական կողմին պաշտոնական տեղեկություն փոխանցվե՞լ է՝ թուրքական կողմի հետ պայմանավորվածությունը՝ 2023-ի ամռան սկզբին, ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար, բացելու պայմանավորվածությունը չեղարկվե՞լ է, թե՞ ուժի մեջ է մնում. այս հարցն այսօր ՀՀ ԱԺ-ում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները տվեցին Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանին եւ պատվիրակության անդամ Գեւորգ Պապոյանին:

Պատվիրակության անդամները, հիշեցնենք, մայիսի 4-5-ին Անկարայում մասնակցում էին Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին: Պատվիրակության հետ Անկարա էր մեկնել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Գեւորգ Պապոյանը պատասխանեց՝ ինքն այդ պայմանավորվածության չեղարկման կամ չչեղարկման վերաբերյալ հավելյալ տեղեկություն չունի եւ հավելեց. «Մեր հանրային կյանքում շատ է քննարկվում՝ Հայաստանին ձե՞ռք է տալիս, որ հայ-թուրքական սահմանը բացվի. եթե Հայաստանին ձեռք չտա հայ-թուրքական սահմանի բացումը եւ դա ձեռք տա Թուրքիային միայն, Թուրքիան հայ-թուրքական սահմանը կբացի հինգ վայրկյանում, որովհետեւ Հայաստանը Հայաստան-Թուրքիա սահմանը չի փակել, սահմանը փակել է Թուրքիան, որովհետեւ դրանով Հայաստանին տնտեսապես ճնշում է, դրանով իրենք աջակցում են Ադրբեջանին եւ Թուրքիան դա երբեք չի թաքցրել»:

Իշխանական պատգամավորը պնդում է՝ այս իրողությունը ցույց է տալիս, որ նարատիվը, թե հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ապոկալիպտիկ հետեւանքներ է ունենալու՝ պարզապես ծիծաղելի է եւ իրականության հետ աղերս չունի. «Այդ թեզը հիմարություն է»: Ինքն էլ համոզված պնդում է՝ հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է ՀՀ տնտեսության զարգացման, բիզնեսների ծաղկման, հարկերի եւ մարդկանց սոցիալական վիճակի էական ավելացման:

Միաժամանակ, Գեւորգ Պապոյանը հավաստիացնում է՝ իրենց իշխանությունը չի շեղվում առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղուց եւ այդ հարցը ՀՀ պետական քաղաքականության օրակարգում է շարունակում մնալ: Քանի որ ՀՀ պետական քաղաքականությունն այդ ուղղությամբ վարում են վարչապետը եւ ԱԳՆ-ն, Գեւորգ Պապոյանը հորդորում է՝ հիմք ընդունել վարչապետի եւ ԱԳՆ-ի հայտարարությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031