ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցություններում Բաքուն ու Երևանը առաջընթաց են ունեցել, սակայն բանակցային գործընթացում անհրաժեշտ է մնալ իրատես: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Տեղի են ունեցել բավականին ինտենսիվ քննարկումներ խաղաղության պայմանագրի շուրջ, որոնք ընդգրկել են մի քանի կետեր և կարևոր պահեր: Չի կարելի ասել, որ մենք լիարժեք պայմանավորվել ենք: Կողմերի դիրքորոշումների միջև բավականին շատ տարաձայնություններ կան, բայց այդ բանակցություններում պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղության պայմանագրի առանձին կետերի վերաբերյալ: Մենք ևս մեկ քայլ առաջ ենք արել»,- ասել է Բայրամովը լրագրողների հետ զրույցում:
Միաժամանակ, Բայրամովն ասել է, որ «մենք պետք է իրատեսական վերաբերվենք այդ գործընթացին»՝ հավելելով, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին:
Նրա խոսքով՝ Բաքուն դրական է գնահատում մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև՝ նշելով, որ «այն անհրաժեշտ է դիտել որպես Բաքվի ու Երևանի միջև բանակցությունների մաս, որն անցկացվում է հարաբերությունների կարգավորման նպատակով»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ