Մայիսի 4-5-ին Անկարայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) լիագումար նիստը: Այսօր խորհրդարանում, ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը եւ պատվիրակության անդամ Գեւորգ Պապոյանը, ամփոփելով նիստի աշխատանքները՝ նկատեցին՝ թեեւ հարթակը տնտեսական է, բայց այս նիստի ընթացքում առավելապես քաղաքական հարցերին է կարեւորություն տրվել:
Բաբկեն Թունյանն անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությանն ու այցին Թուրքիա, որը քննարկման առարկա դարձավ. «Այս տարի նշվում էր կազմակերպության հիմնադրման 30-ամյակը. նկատի չունեմ ինչ-որ տոնակատարություն կամ զվարճալի միջոցառում, ուղղակի տարին այդպիսինն էր եւ այդ նիստին մասնակցում էր ՀՀ ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանի այցը Թուրքիա, ինքնին բավական կարեւոր փաստ է եւ, հույս ունենք, որ կնպաստի Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորմանը՝ չնայած այն բոլոր խնդիրներին եւ մարտահրավերներին, որ մեր առջեւ ծառացած են»:
Հարցին՝ հայկական պատվիրակության Հայաստան վերադառնալուց հետո, էլ Թուրքիայի բարձրաստիճան դիվանագիտական կորպուսը շարունակեց պնդել, որ «Նեմեսիսի» հուշակոթողը պետք է ապամոնտաժվի՝ Հայաստանին սպառնալով պատասխան քայլերով. արդյոք հարցը Թուրքիայում փակ ռեժիմում քննարկումների առարկա դարձել է եւ պաշտոնական Երեւանի օրակարգում կա՞ հուշարձանն ապամոնտաժելու հարց, Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Ձեր գործընկերուհին նշեց, որ հարցերը թեմայի շրջանակում լինեն, իսկ «Նեմեսիսի» արձանը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի օրակարգում չէր»:
Բաբկեն Թունյանն ասաց՝ շատ ուրախ կլիներ, եթե «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրողը իր հարցն ուղղեր պատվիրակության ընդդիմադիր անդամներին՝ հասկանալու համար, թե նրանք ինչո՞ւ չեն մասնակցել նիստի աշխատանքներին ու միգուցե տեղում էլ այդ հարցն իրենք կբարձրացնեին: Լրագրողի համառությանը Բաբկեն Թունյանն արձագանքեց՝ եկել են Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մասին խոսելու:
Կարդացեք նաև
Ավելի ուշ, երբ վեհաժողովի նիստին չվերաբերող այլ հարցեր էլ հնչեցին ու դրանց պատասխաններ տրվեցին, Բաբկեն Թունյանը կրկին անդրադարձավ այս հարցին՝ ասելով, որ հուշարձանի հարցը քննարկվել է Ալեն Սիմոնյանի եւ Թուրքիայի խորհրդարանի նախագահի հանդիպման ժամանակ. «Նշվել է, որ իրենց համար հասկանալի չէ, թե ինչպե՞ս կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին նման հուշարձան բացել, պարոն Սիմոնյանը պատասխանել է, որ եթե կա հարաբերությունները կարգավորելու կամք, ապա չենք կարծում, որ նման իրադարձությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար, որովհետեւ շատ ավելի կարեւոր խոչընդոտներ են եղել եւ գուցե կլինեն»:
Ինչ վերաբերվում է արձանի ապամոնտաժմանը, Բաբկեն Թունյանն ասաց, որ հարցի հասցեատերն իրենք չեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ