«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 28-ից ադրբեջանական կողմը արգելել է առողջական ծանր վիճակում գտնվող քաղաքացիների տեղափոխումն Արցախից Հայաստան, անգամ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ: Մեր տեղեկություններով՝ արգելվել է նաեւ ցանկացած տեսակի ապրանքի ներմուծումն Արցախ:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանություն խնդրեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից։ «Ես չեմ կարող հստակ ասել, պետք է պատկան մարմիններից ճշտել, բայց այն, որ, այսպես կոչված, անցակետը կամ ձերբակալման կետը տեղադրելուց հետո իրավիճակը բարդացել է, դա միանշանակ է: Անցակետի տեղադրումը լրիվ այլ իրավիճակ է ստեղծել. փաստորեն, դրանից հետո Արցախն ամբողջությամբ պաշարման մեջ է»,- մեզ հետ զրույցում ասաց Բաբայանը:
Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ հաստատեց մեր տեղեկությունը. «Ավելի շատ դրա մասին տեղեկացված են իշխանությունները, որոնք մեզ ոչինչ չեն ասում, բայց ակնհայտ է, որ ապրիլի 28-ից սկսած՝ Կարմիր խաչն իր առաքելությունը չի կատարում, հիվանդներ չեն տեղափոխվում Արցախից Հայաստան, ընտանիքների միավորում եւս չի կատարվում: Առավել քան ակնհայտ է, որ նման տեսակի բոլոր գործառույթները դադարեցված են: Կոնկրետ ապրանքատեսակների մասին տեղեկություն չունեմ, բայց, որ ամենակարեւորն է, առողջական խնդիր ունեցող մարդկանց տեղափոխում չի իրականացվում»,-ասաց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում