Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագետ․ Բացի եռակողմ հայտարարությունից, բոլոր կողմերից եղել են նաեւ բանավոր խոստումներ, ստանձնված պարտավորություններ, եւ հիմա այդ ամենի ձեւավորումն է կատարվում․ «Հրապարակ»

Մայիս 10,2023 10:30
Armen Martirosyan

«Հրապարակի» զրուցակիցն է դիվանագետ Արմեն Մարտիրոսյանը։ 

– Վաշինգտոնյան քառօրյա բանակցությունների սկզբում հայտարարվեց, որ «առաջընթաց» է գրանցվել, վերջում էլ պարզվեց, որ սկզբունքային հարցերում կողմերի դիրքորոշումները չեն մոտեցել, սակայն, դրանով հանդերձ, նոր հանդիպում է նշանակված Բրյուսելում, ինչը, որոշ վերլուծաբանների մեկնաբանությամբ, նշանակում է, որ ՀՀ իշխանությունները հանրությունից թաքցնում են վաշինգտոնյան պայմանավորվածությունները, հակառակ դեպքում արագացված տեմպերով չէր հաջորդի Բրյուսելը։ Հետեւելով պաշտոնական հայտարարությունների տողատակերին՝ ի՞նչ կարող եք ասել՝ ինչի՞ շուրջ են բանակցությունները։

– Նախ՝ համապարփակ վերլուծության համար չունեմ բավարար տեղեկատվություն։ Մերոնց եւ ադրբեջանցիների տրամադրած ինֆորմացիայի տողատակերը կարդալով՝ ես մնում եմ իմ այն կարծիքին, որը մի քանի ամիս առաջ նաեւ հրապարակվել է։ Այն է՝ բոլոր սկզբունքային որոշումները կայացված են, քաղաքականություն, որպես այդպիսին, չկա, կա քաղտեխնոլոգիա՝ ինչ ձեւով, ինչ ժամկետում, որ պահին, ինչը հրամցնել հանրություններին՝ Հայաստանում, Ադրբեջանում եւ, իհարկե, առաջին հերթին՝ Ղարաբաղում։ Այն, ինչ անգլերեն կոչվում է «թայմինգ», դառնում է առավել կարեւոր։ Կա երկու խնդիր՝ ի՞նչ ձեւով եւ ե՞րբ ներկայացնել «լուծումները», որոնք, ինչպես մի առիթով ասել եմ, վախենում եմ բարձրաձայնել։

– Նկատի ունեք՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթո՞վ են լուծվել բոլոր հարցերը։

– Պատերազմում պարտությամբ, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ եւ դրանց հետեւող իրադարձություններով։ Մեծ նշանակություն ունեն նաեւ Ուկրաինայի շուրջ ընթացող իրադարձությունները։ Ինձ համար ինտրիգն այն է, թե այդ ամենն ինչպիսի հետեւանքներ է ունենալու զուտ Հայաստանի վրա, ինչ է լինելու Հայաստանի հետ։ Չեմ ուզում բարձրաձայնել, թե ես ինչ եմ կանխատեսում, բայց նշեմ, որ դա կախված է բազմաթիվ գործոններից, որոնց վերաբերյալ բավարար ինֆորմացիա չունեմ՝ վերլուծության համար, ուստի, համարելով ինձ պրոֆեսիոնալ դիվանագետ եւ ժամանակին քաղաքականությամբ զբաղված անձ, թույլ չեմ տա բարձրաձայնել։ Դա կլինի պոպուլիզմ ու դիլետանտիզմ, ինչի մեջ այսօր մենք թաղված ենք, եւ ես չեմ ցանկանում այդ հոսքի մեջ իմ մասնակցությունն ունենալ։ Ենթադրում եմ, որ, բացի եռակողմ հայտարարությունից, բոլոր կողմերից եղել են նաեւ բանավոր խոստումներ, ստանձնված պարտավորություններ, արտահայտված ցանկություններ, եւ հիմա այդ ամենի ձեւավորումն է կատարվում։

– Եթե, Ձեր ասելով, ամեն բան որոշված է, ի՞նչ իմաստ ունեն մեր իշխանությունների՝ աշխարհաքաղաքական կենտրոններ «ճամփորդությունները»՝ Արեւմուտք, Մոսկվա, ԱՄՆ եւ այլն։

– Դա եւս մաս է կազմում իմ նշած քաղտեխնոլոգիայի։ Չեմ պնդում, որ անհրաժեշտ է բոլոր այդ մայրաքաղաքների հավանությանն արժանանալ, բայց բոլորի հետ պետք է աշխատել․ մի տեղից փող է սպասվում՝ ձեռք բերված արդյունքներն իրականացնելու համար, մի տեղից վտանգները պետք է նվազեցնել. տարբեր կենտրոններում տարբեր խնդիրներ են լուծվում։ Բնականաբար, մենք այսօր ՌԴ-ից գումար չենք ակնկալում, բայց Բրյուսելը եւ Վաշինգտոնը որոշակի քայլերի դիմաց պատրաստ կլինեն գումարներ հատկացնել Հայաստանին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031